Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության չորս հենասյուներից մեկի՝ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ համայնքային կին ոստիկան Լիդիա Մանուկյանի հետ, ով արդեն 13 տարի է անվերապահորեն ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։
Լիդիան պատմել է, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա համայնքային ոստիկանը, որն է եղել իր առաջին բացահայտած դեպքը, ովքեր են հիմնականում դիմում համայնքային ոստիկանությանը, և ինչ կարևոր դեր ունի կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում։

Լիդիան ոստիկան դառնալու որոշումը կայացրել էր դեռևս ավագ դպրոցի տարիներից։ «Ոստիկան դառնալու որոշումը կայացրել եմ դեռահասության տարիներին և ընտանիքիս անդամները մշտապես քաջալերել են իմ կայացրած որոշումը թե ուսումնառության տարիներին, և թե աշխատանքային տարիների ընթացքում մշտապես աջակցել են ինձ»,-նշել է մայոր Լիդիան։
Նրա խոսքով արդեն անցյալում է այն կարծրատիպը, որ կանայք ոստիկանությունում չեն կարող աշխատել այնպես, ինչպես տղամարդ ոստիկանները։
Լիդիան ընդգծեց, որ կին քաղաքացիները, երբ ենթարկվում են սեռական բռնության, ավելի վստահում են և ավելի անկեղծ են զրուցում հենց կին ծառայողների հետ․ «Կարևորում եմ ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը այն առումով, որ շատ քաղաքացիներ վստահում են հենց կին ծառայողներին։ Կին քաղաքացիները, երբ ենթարկվում են սեռական բռնության ավելի վստահում են և ավելի անկեղծ են զրուցում հենց կին ծառայողների հետ»։

«Ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը կարևոր նախադրյալ է աշխատանքի արդյունավետության իրականացման համար։ Եվ ես բնակիչների հետ աշխատելիս իմ ամենօրյա գործունեությունն իրականացնելիս փորձում եմ իմ դրսևորած վարքագծով, ինչպես նաև իմ կատարած աշխատանքով ավելի բարձրացնել բնակիչների վստահությունը ոստիկանների հանդեպ, ինչպես նաև քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի բնակիչների իրավագիտակցության մակարդակը բարձրանա և ավելի ամրապնդի համայնք և ոստիկանություն կապը»,- ասել է մայորը։