Յոթ տարվա վաղեմության քրգործից մինչև ԱԱԾ-ի  մասնակցությամբ պատարագներ․ տարվա վերջին խորհրդարանական ճեպազրույցները ԱԺ-ի մասին չէին

Խորհրդարանում այսօր հրավիրվել են այս նստաշրջանի վերջին ճեպազրույցները։ Դրանց առանցքում, սակայն, եղել են ոչ թե Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքի արդյունքները, այլ արտախորհրդարանական իրադարձությունները։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը նոր երանգ է տվել պետություն-եկեղեցի լարված հարաբերություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների խոսքով՝ հոգևորականի ձերբակալության հիմքում նրա գործունեությունը և ընդդիմադիր հայացքները չեն, այլ իրավական փաստարկները։ Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ հավասարության նշան է դնում Արշակ արքեպիսկոպոսի կալանավորման ու Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների ազատազրկման մեջ՝ պնդելով, որ նրանք քաղաքական հայացքների պատճառով են հայտնվել իրավապահների խոշորացույցի տակ։

Տարվա վերջին խորհրդարանական քառօրյան ամփոփող ճեպազրույցին լրագրողների հարցերը ավելի շատ արտախորհրդարանական՝ պետություն-եկեղեցի լարված հարաբերությունների, հոգևորականների կալանավորումների ու կիրակնօրյա պատարագների մասին են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ արած հայտարարությունն այն մասին, որ ինքը և թիմակիցները գնում են միայն այն պատարագներին, որոնց պատարագիչը կողմ է պետության՝ եկեղեցին «նորոգելու» օրակարգին և չի հնչեցնում, Փաշինյանի ձևակերպմամբ, կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ հոգևորականներին «ցենզուրայի ենթարկելուն» չի վերաբերում։

«Մեզ համար Կտրիճը կաթողիկոս չէ, և մենք տարբեր մարդկանց միջոցով, որոնք ծանոթ են հոգևորականների հետ, պատարագի վերաբերյալ ճշտումներ ենք անում, և վարչապետը, ըստ այդմ, որոշում է՝ մասնակցեի այդ պատարագին, թե չէ, տվյալ հոգևորականը համամիտ է եկեղեցու նորոգման օրակարգին, թե չէ։ Ցենզուրայի, ստիպելու, ճնշելու մասին որևէ խոսք չի կարող լինել»։

Վարչապետը մանրամասնել էր, որ տարբեր խողովակներով՝ ծանոթների, կապերի, նաև ԱԱԾ աշխատակիցների միջոցով գտնում են այն հոգևորականներին, որոնք չեն հնչեցնի կաթողիկոսի անունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով՝ եթե պատարագիչը համամիտ չէ վարչապետի օրակարգին, ապա ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ուժային կառույցները ոչինչ չեն ձեռնարկում։  Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ «բռնապետություն» բառով է բնորոշում Փաշինյանի հայտարարությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան․

«Բռնակալական երկրներում ինչպե՞ս է լինում։ Բռնակալական երկրներում իրավապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանությունների գործիք։ Այո, ԱԱԾ-ին կուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցի, չեմ բացառում, որ կուղարկեն լրատվամիջոցներ, որ լրատվամիջոցների հետ զրուցեն»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որ խորդհրդարան գալուց առաջ  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը քննող դատարանի շենքի մոտ էր, հայտարարում է՝ ժամանակն է, որ եկեղեցին՝ հանձին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պարզաբանի, թե ինչ քայլերի է մտադիր դիմելու․

«Մենք համարում ենք, որ Վեհափառ հայրապետը և Առաքելական եկեղեցին պիտի, նույնիսկ հորդոր բառը չեմ ուզում օգտագործել, ակնարկի, թե ինչ գործիքակազմով ենք մենք պայքարելու էս խայտառակության դեմ, որովհետև ամեն դեպքում մենք խոնարհությամբ պարտավոր ենք ընդունելու Հայ առաքելական եկեղեցու ցանկացած ձև և ցանկացած բովանդակություն պայքարի իրականացման, և այդ ձևերից յուրաքանչյուրի պարագայում ձեր նշած փողոցային պայքարից մինչև ցանկացած այլ դրսևորման պատրաստ ենք»։

Հայոց եկեղեցու առաջնորդն այս օրերին Ֆրանսիայի Մարսել քաղաքում է։ Հաջորդ շաբաթվա վերջին Մայր Աթոռում գումարվելու է եպիսկոպոսաց ժողով՝ քննարկելու եկեղեցու շուրջ վերջին իրադարձություները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Կաթողիկոսը, հակառակ կալանավայրից Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների առաջարկին, չի շտապում կարգալույծ հռչակելու օրերս վարչապետի հետ կառավարության շենքում հանդիպած և իրեն անվստահություն հայտնած բարձրաստիճան հոգևորականներին, փոխարենը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը՝ վերջինիս առաջադրված մեղադրանքը որակելով «մտացածին ու անհիմն»։ «Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի»,— հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական վարչությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հերքում է՝ արքեպիսկոպոսի ձերբակալության հետևում պետությունը չէ․

«Իշխանությունը չի հիշում քրեական գործերի կամ հանցագործությունների մասին, և իշխանությունը չի զբաղվում, դրանով զբաղվում են համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանությունից, պետք է զբաղվեն այդ գործերով»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կանչվել էր ՔԿ, իրեն վերագրվող սկանդալային տեսանյութերի առնչությամբ հարցաքննվելու։ Ըստ նրա փաստաբան Արսեն Բաբայանի՝ ՔԿ-ից դուրս գալիս հոգևորականին դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները և ձերբակալել 2018-ին Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով։ Ավելի ուշ փաստաբանը հայտարարեց․

«2018 թից քննվող գործի հետ կապված վերջին գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին։ Եվ 2025 թ դեկտեմբերի 4–ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն՝ երեկ, ստեղծվել է քննչական խումբ։ Արշակ Սրբազանի դեմ որևէ ուղիղ ցուցմունք չկա»։

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, երկու ժամ քննելուց հետո բավարարեց ՔԿ-ի՝ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Վերջինս 2 ամիս կմնա ԱԱԾ մեկուսարանում։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Արշակ արքեպիսկոպոսը միանում է Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին իբրև քաղբանտարկյալ։

«Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկել, տեսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր է, պինդ է, Վեհափառի թիկունքին է կանգնած, Վեհափառը կանգնած է Արշակ սրբազանի թիկունքին, հավատարիմ են մնացել իրենց ուխտին, և ահա ծնվում է մի խայտառակ, մի զավեշտալի մեղադրանք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն առաջարկում է հարցը դիտարկել այլ տեսանկյունից․

«Եթե վարչապետին խոսքերին հղում եք անում, ես խորհուրդ կտամ նաև մեկ այլ խոսքի հղում անել, երբ ինքը ասեց, որ մեզ պետք է ոչ թե կաթողիկոս, որը ինձ ենթարկվի, այլ ինձ պետք է կաթողիկոս, որը  չպիտի ենթարկվի ինչ-որ այլ երկրի հատուկ ծառայությունների լեյտենանտին։ Այսինքն՝ խնդիրը բազմաշերտ է ու դրա տակ շատ ավելի խորքային պատճառներ կան»։

Ընդդիմությունը հակադարձում է՝ եթե իշխանությունը նման կասկածներ ունի, ինչու իրավական գործընթաց չի սկսում։

Leave a Comment