Երևանում ամեն հաջորդ օրը երթևեկությունն ավելի է խտանում։ Մասնագետները կարծում են, որ համատարած խցանումների հարցը հնարավոր է լուծել ավտոմատացված կառավարման համակարգով։ Սա, սակայն, կարճաժամկետ լուծում է։ Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է հարցը կարգավորել նոր տրանսպորտային հանգույցներ կառուցելով։ Ըստ մասնագետների՝ մայրաքաղաքը խցանումներից չի ազատվի, եթե նույնիսկ ավտոմեքենաների շահագործման սահմանափակումներ մտցվեն։ Քաղաքային տնտեսության կառավարիչները հակառակ կարծիքն ունեն
Ինչպե՞ս կարելի է թեթևացնել Երևանի գերբեռնված տրանսպորտային համակարգը։ Մասնագետները երկարաժամկետ ու կարճաժամկետ լուծումներ են առաջարկում։ Հայաստանում ընդհանուր ավտոմոբիլային պարկը մոտ 1 միլիոնի է հասել։ Տրանսպորտային միջոցների մեծ մասը՝ կեսից ավելին, Երևանում է, մինչդեռ մայրաքաղաքում երթևեկությունը կազմակերպվում է այնպես, ինչպես տարիներ առաջ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Սարգսյանը Երևանի 142 խաչմերուկներում հետազոտություն է կատարել ու փաստում է․
«Այս տենդենցը շարունակվելու դեպքում երեք–չորս տարի հետո Երևանում կոլափս է լինելու»։
Ուսումնասիրելով միջազգային փորձը, վերլուծելով հետազոտության արդյունքները՝ երթևեկության կառավարման մասնագետն այսպիսի առաջարկ ունի․
«Ներդնել երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգ։ Այն ծրագրային, կազմակերպչական մի համակարգ է, որի մեջ ներգրավված է լինում երթևեկության կազմակերպման տարբեր մեթոդների համախմբվածությունը։ Տվյալ համակարգը կարող է ներառել ճկուն կառավարում մի շարք քաղաքային, մայրուղային կոորդինացված, ծայրամասային խաչմերուկներում։ Կան խաչմերուկներ, որտեղ պետք է ապահովել կոշտ լուսացուցային կարգավորումը, այսինքն՝ լուսացույցի աշխատանքը մնում է նույն կերպ ողջ օրվա ընթացքում»։
Երևանի բոլոր փողոցները տարբեր ժամերի տարբեր ծանրաբեռնվածություն ունեն։ Հիմնական մայրուղային փողոցները իրար հաջորդող մի շարք խաչմերուկներ ունեն, որտեղ անհրաժեշտ է ապահովել տրանսպորտային հոսքի համախմբված անցումը։ Սա կոորդինացված կառավարումն է։
«Հենց ավտոմատ կառավարման համակարգի տակ մենք հասկանում ենք տվյալ կոորդինացված կառավարման մասշտաբային ներդրումը Երևանում։ Բացի այդ՝ մենք պետք է ապահովենք օրվա տարբեր ժամանակահատվածներում տարբեր կոորդինացված ծրագրեր։ Դրանք հաշվարկվում են տարբեր ժամանակահատվածներում ստացված տվյալների հիման վրա։ Իրական ժամանակի ռեժիմում տարբեր ծրագրային ապահովումներ են միանում, օրինակ՝ 18․00–ն ունի իր ծրագրային ապահովումը, 20․00–ն՝ իր»։
Աշխարհի շատ երկրներում են կիրառում այս համակարգը, բայց ամեն քաղաք ունի իր չափորոշիչները, ուստի Երևանը պետք է ունենա իր ավտոմատ կառավարման համակարգը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը հնարավոր երկարաժամկետ լուծումներից առանձնացնում է տրանսպորտային նոր հանգույցների, փողոցային նոր ցանցերի ու մետրոյի նոր կայարանների կառուցումը։ Ավտոմեքենաների շահագործման սահմանափակումը լուծում չէ՝ ասում է մասնագետը․
«30 տարիների ընթացքում բացարձակապես ոչ մի նոր տրանսպորտային հանգույց չի կառուցվել Երևանում։ Եկեք ներդնենք, տարին մի տրանսպորտային հանգույց կառուցենք, մի 10 տարուց հետո մենք Երևան քաղաքի երթևեկության հիմնախնդիրը լուծած կլինենք։ Պարզապես, անհրաժեշտ է մասնագետների կարծիքը լսել և գործել։ Եկեք մտածենք, թե ինչպես կարելի է տարանցիկ հոսքերը Երևան չմտցնել։ Անհրաժեշտ է ծայրամասերում անվճար կայանատեղիներ ունենալ։ Մարդը գա, մեքենան կանգնեցնի, տրանսպորտով գնա՝ աշխատանքն ավարտի ու հետ գնա»։
Մայրաքաղաքում երթևեկությունը կազմակերպող նոր հիմնարկ կստեղծվի՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։ Դրան կվերապահվեն քաղաքային տրանսպորտի երթևեկությունը համակարգելու, ժամանակակից թվային լուծուﬓեր ներդնելու և սպասարկելու գործառույթներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան․
«Ավտոների ու երթևեկության մասնակիցների քանակը գնալով աճում է, և միակ բանը, որը կարող է հիմնովին բարելավել մեր երթևեկությունը, հենց մարդատար ավտոմեքենաների շարժի որոշակի սահմանափակումներն են։ Միակ ճանապարհը դա է»։
Երևանի քաղաքապետարանում մտադիր են 2026 թվականի համար խոշոր ծրագրեր իրականացնելու։ Նշում են, որ հանրային տրանսպորտի ոլորտում շարունակելու են համապարփակ բարեփոխումները՝ միասնական տոմսային համակարգ, շարժակազմի արդիականացում, ուղևորության սակագների վերանայում, GPS համակարգ, տեսախցիկներ և այլն։ Եկող տարի նախատեսում են հոսքերը պատշաճ կազմակերպել, գրաֆիկներ սահմանել։ Բացի այդ՝ անհրաժեշտ են համարում ներդնել խելացի լուսացույցների համակարգ։