Քննչական կոմիտեն վերադարձրեց AntiFake.am լրատվական կայքից առգրաված տեխնիկայի մի մասը․ տեղեկացնում են AntiFake.am-ի խմբագրությունից։
«Վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմիի» բացահայտ քաղաքական պատվերով գործում որևէ այլընտրանքային իրականության պայմաններում մի տոկոս հանցակազմ կարող էր լինել, ապա այդ դեպքում անգամ մեզ երեկ վերադարձված տեխնիկան որևէ տեսական հետաքրքրություն չէր կարող ենթադրել նախաքննական մարմնի համար։
Ինչևէ, նախաքննական մարմինը շուրջ 22 օր ուշի ուշով զննել է տեսախցիկների և խոսափողների «շտատիվները», ձայնի որակի կարգավորիչները, խոսափողները, դրոններն ու տեսախցիկները, լարերն ու էներգաբանկերը և, զարմանալիորեն, քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող ոչինչ չի հայտնաբերել ու «մեծահոգաբար» տեխնիկայի այդ մասը վերադարձրել է։ Խմբագրությունից առգրավված համակարգիչները, անվտանգության տեսախցիկների DVR-ը, լրագրողների անձնական օգտագործման համակարգիչներն ու աշխատանքային նոթատետրերը դեռևս գտնվում են նախաքննական մարմնի մոտ»,- նշում են լրատվամիջոցից։