«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում։ Մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներ
Դեկտեմբերի 4-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այց կատարեցին Վայոց Ձորի մարզ։
Այցի ընթացքում շարժման անդամները այցելեցին Եղեգնաձոր և Վայք քաղաքներ, ինչպես նաև եղան Գլաձոր, Մալիշկա և Զառիթափ գյուղական բնակավայրերում։
Շարժման անդամները մարզի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ Վայոց Ձորի մարզի զարգացման տեսլականը՝ մարզը դարձնել գինեգործության տուրիզմի կենտրոն։ Հանդիպումների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում մարզային բնակավայրերի կայուն զարգացման և բնակիչների զբաղվածության ապահովման հնարավորությունների շուրջ։
Եղեգնաձոր այցի ընթացքում քաղաքի Մոմիկի 2-րդ նրբանց 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Եղեգնաձորի գրասենյակը։
Վայոց Ձոր կատարած այցի շրջանակներում «Մեր ձևով» ժողովրդական շարժման ևս մեկ գրասենյակ բացվեց նաև Վայքում։ Բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական ևս մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց 11,000-րդ կամավորը։


