Ֆրանսահայերը Գարեգին Երկրորդին դիմավորել են ոգևորությամբ և ծափերով – Live News

Ն Ս Օ Տ Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական  այցով Մարսելում (Ֆրանսիա) է։ Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցու բակում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ֆրանսահայերը դիմավորել են մեծ ոգևորությամբ՝ ծափերով, վանկատել են՝ «Վե-հա-փառ», «Վե-հա-փառ»։ 

Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում կաթողիկոսը հանդես էր եկել խոսքով, որտեղ, մասնավորապես, նշել է. «Այսօր նույնպես մեր հայրենիքը և Հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող հինգ տարիների ընթացքում Արցախյան պատերազմի Արցախի հայաթափման և մեր հոգևոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արնահոսում են ազգի զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման և չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարոտ են ամենքիս միասնական ջանքերի և հետևողականության։

Հայրենիքում տիրող դժվարին իր վիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որոնք ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում երեք սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ հայորդիներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ձերբակալված է կալանքի տանելու համար»։

Իսկ ավելի վաղ Վեհափառ Հայրապետին ընդունել էր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան:

«Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»,- ասել է քաղաքապետը։ Ես նրան հիշեցրի այն ամուր և հավերժական պատմական կապերի մասին, որոնք մեր քաղաքը կապում են հայերի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է Պայան X-ում՝ հրապարակելով համատեղ լուսանկար։

Leave a Comment