
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար լորդ Վերնոն Ռոդնի Կոքերի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Նրանց դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Լորդ Վերնոն Ռոդնի Կոքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել բրիտանացի իրավաբան, պատմաբան և դիվանագետ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին: