«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կարճվելու է Վաղարշապատի ընտրություններից առաջ՝ հոկտեմբերի 21-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների կողմից «բարեգործական միջոցառման» վերաբերյալ հարուցված քրեական վարույթը, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական կաշառք եւ Ընտրական օրենսգրքի ոտնահարում։ Ավելին, տեւական ժամանակ այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեում, կարելի է ասել, չի էլ քննվել․ ո՛չ հարցաքննվողներ են եղել, ո՛չ էլ որեւէ մեկը կարգավիճակ է ունեցել։
Էջմիածնում ՔՊ-ի առերեւույթ խախտումների առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում նաեւ ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցը, թե վարույթն ինչ փուլում է, չմեկնաբանեցին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վարույթը կարճվել է՝ առանց որեւէ հետեւանքների։ Հիշեցնենք, որ այս պահին անգամ վարույթներ են ընթանում 2017 թվականի ընտրությունների հետ կապված՝ ԲՀԿ-ի առնչությամբ, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած խախտումն այլեւս քննության առարկա չէ ՔՊ-ական իշխանությունների կողմից։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: