Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինի պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններից մեկը՝ Անար Մամեդովը, խնդրեց արդարացնել նրան՝ հայտարարելով, որ նրա գործողությունները հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։
Բակո Սահակյանի փաստաբանները նույնպես խնդրել են արդարացնել իրենց «պաշտպանյալին». փաստաբաններից մեկը նշել է, որ վերջինս «ծառայել է թիկունքում, աշխատել է որպես քաղաքացիական անձ և պատասխանատու է եղել սննդի և հագուստի բաշխման, ինչպես նաև բժշկական պարագաների կազմակերպման համար»։
Նմանաբովանդակ հայտարարություններով են նաև հանդես եկել Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի և մյուս գերիների ադրբեջանցի փաստաբանները:
Կեղծ դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: