Դատարանն այսօր մեղմացրեց Բագրատ Սրբազանի գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի սահմանափակումները։
Բացի համատեղ բնակվող անձանցից, նա կկարողանա ընդունել նաեւ իր մերձավոր ազգականներից կոնկրետ անձանց։ Կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումն օրերս էր կայացվել։ Այդ առթիվ Սարգսյանն ասաց. «Անկեղծ ասեմ. Այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Իհարկե, ուրախացել են իմ 85 եւ 78 տարեկան ծնողներն, ուրախացել են իմ երեխաները, ուրախացել է իմ կինը, ուրախացել են այս դահլիճում նստած շատ մարդիկ, իմ ընկերները, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվել որովհետեւ առաջին օրվանից ասել ենք՝ մենք ընդհանրապես ստեղ ի՞նչ գործ ունենք»։
Նա հավելեց, որ պայքարում է ոչ թե ազատության, այլ արդարության համար։
Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին առաջարկեց վարչական վերահսկողությունը կիրառել որպես խափանման միջոց։ Խուդոյանի կարծիքով՝ «բացակայում է հատուկ պատճառաբանություն»՝ Սարգսյանին տնային կալանքի ներքո պահելու համար։ Հանրային մեղադրողը պնդեց, որ Սարգսյանի կողմից գործին խոչընդոտելը շարունակում է մնալ «հավանական»։ Մեղադրական կողմի դիրքորոշմամբ՝ Սարգսյանը պետք է շարունակի կրել տնային կալանքը հավելյալ երեք ամիս ժամկետով։