Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են իրենց երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Վիեննայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
«Տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել։ Ի տարբերություն ԵԱՀԿ անկայուն տարածաշրջանի, Ադրբեջանն ու Հայաստանն այժմ ապրում են իրենց ամենախաղաղ և կայուն շրջանը», — ասել է Բայրամովը, որի ելույթի տեքստը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ առաջընթաց են գրանցում խաղաղության գործընթացում՝ իրականացնելով միջոցառումներ տարբեր ոլորտներում՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում։ Ադրբեջանցի նախարարը ընդգծել է, որ խաղաղության գործընթացն ամրապնդելու համար Բաքուն միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները՝ որպես բարի կամքի դրսևորում։
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանը՝ որպես խաղաղության օրակարգի նախաձեռնող, «մնում է հավատարիմ այս ուղուն և ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք և պատասխանատվություն Հայաստանից»։
«Այս համատեքստում մենք ընդգծում ենք կարգավորման գործընթացն ավարտելու բոլոր պարտավորությունների բարեխիղճ և ժամանակին կատարման կարևորությունը», — հավելել է նա։
Բայրամովը նաև ընդգծել է, որ «Հայաստանի կողմից իր սահմանադրությունում ամրագրված տարածքային պահանջների վերացումը հնարավորություն կտա ստորագրել և հետագայում վավերացնել նախաստորագրված երկկողմ խաղաղության համաձայնագիրը և հասնել վերջնական խաղաղության»։