Բաքվում շարունակվել է հայ գերիների հանդեպ դատական ֆարսը՝ ելույթ են ունեցել պաշտպանները

Բաքվում շարունակվել է հայ գերիների հանդեպ դատական ֆարսը՝ ելույթ են ունեցել պաշտպանները

4 դեկտեմբերի 2025 – 18:37 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 4-ին Բաքվի ռազմական դատարանում վերսկսվել է Բաքվում պահվող հայ գերիների շինծու գործերով դատական ֆարսը։ Շարունակվել են գերիների մի մասի պաշտպանների ելույթները, որոնք արդարացման դատավճիռներ են պահանջել իրենց պաշտպանյալների համար։

Դավիթ Իշխանյանի պաշտպան Աղշին Մամեդլին նշել է իր ելույթում, որ դատավճիռը կարող է հիմնվել միայն վերջնական և անվիճարկելի ապացույցների վրա։ Նա դատարանին խնդրել է արդարացնել Իշխանյանին, հայտնում է APA-ն։

Նույն մեղադրյալի երկրորդ փաստաբան Էլչին Ամիրովն էլ դիմել է դատարանին՝ իր պաշտպանյալին արդարացնելու խնդրանքով։

Լևոն Բալայանի պաշտպան Վաֆա Մեհթիվան հայտարարել է, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա և խնդրել է դատարանին՝ արդարացնել նրան։ Նման պահանջով է հանդես եկել նաև Բալայանի մյուս փաստաբան Սագի Մամեդովը։

Դավիթ Ալավերդյանի պաշտպան Նիզամի Ալիևը նշել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։ Նա ընդգծել է, որ վերջինիս դեմ ներկայացված ապացույցներն անհիմն և անվստահելի են։ Պաշտպանը դատարանին դիմել է արդարացման պահանջով։

Էրիկ Ղազարյանի պաշտպան Նաթիգ Մուստաֆաևը իր ելույթում նշել է, որ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում. հանձնելով զենքը՝ նա կամավոր կերպով հանձնվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողներին։ Նա խնդրել է դատարանին արդարացնել Է. Քազարյանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment