Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վճարային ենթակառուցվածքի ընդլայնման հնարավորությունը

Ռուսաստանն ու Հնդկաստանը քննարկում են վճարահաշվարկային ենթակառուցվածքի ընդլայնման հնարավորությունները։ Ինչպես հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի քարտուղարությունը, նա այս հարցը քննարկել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարարամանի հետ։

Վճարային համակարգից բացի, կողմերը քննարկել են նաև կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների առաջընթացը։

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Ռուսաստանի առաջին փոխվարչապետը նշեց փոխհաշվարկների ոլորտում առկա դրական դինամիկան․ այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև վճարումները գրեթե ամբողջությամբ իրականացվում են ազգային արժույթներով», – նշված է հաղորդագրությունում։

Մանտուրովը աշխատանքային այցով մեկնել է Նյու Դելի՝ երկկողմ բանակցությունների անցկացման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին նախապատրաստվող միջոցառումներին մասնակցելու համար։

Leave a Comment