Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ կենսաթոշակի բարձրացման հարցը քննարկելուց հետո եկել է այն եզրակացության, որ այն 10,000 դրամով բարձրացնելու դեպքում թոշակառուները չեն իմանա, ինչպես ծախսել այդ գումարը։ Վարչապետն ասել է, որ առաջնայինն առողջությունն է, և որ այդ 10,000 դրամը կներդնեն առողջության համընդհանուր ապահովագրության վրա։
Նա հայտնել է, որ հանձնարարել է կառավարությանն աշխատել թոշակառուներին զբաղվածության ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել Երևանում և խնդրել քաղաքացիներին գնահատել վարչապետի մոտեցումներն այս հարցերի շուրջ։
Հարցված թոշակառուների մեծամասնությունը պատասխանել է, որ համաձայն չէ վարչապետի դիտարկման հետ, և թոշակն իրենց չի հերիքում: Բարձրացման դեպքում լավ գիտեն, թե ինչի վրա կծախսեն իրենց գումարը, շեշտել են նրանք:
«Ես 36 հազար դրամ թոշակ եմ ստանում, կինս էլ ինստուլտ տարած է։ Փաշինյանին խնդրում եմ, որ բոլոր թոշակառուներին լավ նայի։ 75 տարեկան կինը չի կարող աշխատել, թող Փաշինյանի կինը գնա, աշխատի», – ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից նկատել է՝ այնքան քիչ է թոշակ ստանում, որ չի կարողանում անգամ հագուստ գնել. «40 հազար դրամ թոշակ եմ ստանում, դա՞ էլ չտա։ Ոտքից գլուխ կարիք ունենք, ուրիշի տված շորն եմ հագնում, մի քիչ փոքր է, բայց յոլա ենք գնում։ Ես ժամանակին աշխատել եմ, հիմա առողջություն չունեմ, թող ինձ բուժեն, գնամ, աշխատեմ։ Փող ունենամ՝ ատամներս կսարքեմ»։
Հարցվածներից ոմանք ասել են, որ միայնակ են ապրում, և տարվա այս ցուրտ եղանակին կոմունալ ծառայությունները՝ հոսանք, գազ, խնայողաբար են օգտագործում, որպեսզի ստացած թոշակը բավարարի ամբողջ ամիս ապրելուն։
«Նախ կոմունալ ծախսերը կբավարարեի, քանի որ հոսանքն ու գազը վախենալով ենք օգտագործում, որպեսզի մեր թոշակը բավարարի։ Եթե 10 հազար դրամ էլ ավելանար, շատ լավ կլիներ։ Միայն սնունդ ենք կարողանում գնել»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Մյուսն էլ պատասխանել է՝ շատ է սիրում վարչապետին, սակայն վստահ է, որ ով էլ ղեկավարի Հայաստանը՝ միայն խոստումներ է տալու։
«Ով ուզում է լինի՝ միայն խոստումներ են տալու, բայց ես Փաշինյանի կողմից եմ, ես իրեն շատ-շատ եմ սիրում։ Ես գիտեմ ինչի վրա կծախսեմ ավելի գումարը, պետք է ուտելու վրա ծախսեմ, թոշակառուն էլ ի՞նչ պետք է անի։ Ես հավատում եմ Փաշինյանին, վատ բան չեմ կարող ասել»,- ասել է թոշակառուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
