Ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով Կրեմլում տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր անց՝ հայտարարեց ռուսական կողմը։ Մինչև այդ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են խափանել ռուս-ամերիկյան բանակցությունները՝ Մոսկվայի համար բացարձակ անընդունելի առաջարկներ ներկայացնելով։ Ի պատասխան՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է փորձել դաշինքի զսպվածությունը՝ ԵՄ օդային տարածքը ինքնաթիռներով խախտելուց ու դիվերսիաներից հետո։
Կրեմլում տեղի ունեցած ռուս-ամերիկայն բանակցություններից հետո արդեն պարզ էր, որ Վաշինգտոնի առաջարկած ռուս–ուկրաինական խաղաղության օրակարգը հաջողություն չի արձանագրել։ Դա հասկացվեց կողմերի հենց առաջին ձևակերպումներից։ Հեռավար կշտամբանքներ ու սպառնալիքներ հնչեցրին ոչ միայն հակամարտող ու բանակցող կողմերը։ Միջամտեց նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։ Նա խոսեց ԵՄ անվտանգության մասին։
Ավելի ուշ հայտարարությունները դարձան պակաս լարված ու ավելի հավասարակշռված։ Եթե կրեմլյան հանդիպումից անմիջապես հետո թվում էր, թե բանակցությունները ձախողվել են վերջնականապես, ապա այսօր պատկերն այլ է։
India Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի հանդիպումը համարեց արդյունավետ։
«Ամերիկացի գործընկերների ներկայացրածը հիմնված էր նախագահ Թրամփի հետ ավելի վաղ՝ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։
Կրեմլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հանդիպումը դրական է համարել և ասել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Պուտինի հետ բանակցություններից այն տպավորությունն են ստացել, որ նա կցանկանար գործարք կնքել և ավարտել պատերազմը։
«Նա կցանկանար ավարտել պատերազմը։ Սա էր նրանց տպավորությունը։ Կարծում եմ՝ նա կցանկանար վերադառնալ ավելի նորմալ կյանքի, առևտուր անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ շաբաթական հազարավոր զինվորներ կորցնելու փոխարեն։ Նրանց տպավորությունն այն էր, որ նրանք կցանկանային գործարք կնքել։ Կտեսնենք, թե ինչ կլինի»։
Պուտինն ընդունել է ԱՄՆ-ի որոշ առաջարկներ Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու և փոխզիջման հասնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու վերաբերյալ՝ասել է Թրամփը։
«Կարող եմ ասել, որ նրանք բավական լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ։ Սա պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Այդ հանդիպումից ինչ կստացվի, չեմ կարող ասել, քանի որ տանգո պարելու համար երկու մարդ է պետք»։
Թրամփը ուկրաինական խնդիրը լուծելու համար լավագույն պահը համարում է Օվալաձև աշխատասենյակում «խաղաքարտերի բացակայության» մասին իր հայտարարության ժամանակը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսու հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ակնարկել էր, որ Կիևը «խաղաքարտեր չունի»։ Այդ հանդիպումը հայտնի է Թրամփ-Զելենսկի լարված խոսակցությամբ։
Կրեմլի հանդիպումից հետո արձագանք կա նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկուց։
«Մենք հանդիպումներ ենք նախապատրաստում Միացյալ Նահանգներում՝ ամերիկյան թիմի՝ Մոսկվայից վերադառնալուց և Վաշինգտոնում համապատասխան խորհրդակցություններից հետո։
Մենք առաջիկա օրերին նորություններ ենք սպասում նման հանդիպումների, շփումների և բանակցությունների վերաբերյալ։ Բոլոր գործընկերները կանոնավոր կապի մեջ են միմյանց և Ուկրաինայի հետ։ Արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաշվի առնվեն Ուկրաինայի շահերը»։
Ուշագրավ է Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի արձագանքը ռուս-ամերիկյան բանակցություններին և, ընդհանրապես, պատերազմը դադարեցնելու քննարկումներին․
«Գիտեք, բոլորը խոսում են ինչ-որ խաղաղության բանակցությունների մասին: Դրանք կեղծ բանակցություններ են, դրանք ծուռ հայելի են: Պուտինի նպատակն է ենթարկել Ուկրաինան: Հակառակ դեպքում նա կհայտարարեր անվերապահ հրադադարի մասին և դրանից հետո միայն կանցկացներ իրական խաղաղության բանակցություններ։ Եթե ամերիկացիները մեջքով շրջվեն դեպի Ուկրաինա, աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի և Եվրոպայի, ոչ միայն ՆԱՏՕ-ի համար, այլև ավելի մեծ մասշտաբի, ավելի մեծ, քան ամերիկյան զորքի հայտնի դուրսբերումը Աֆղանստանից: Եվ ես հույս ունեմ, որ այս վարչակազմը հստակորեն հասկանում է դա»:
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շարունակում է պնդել, որ Կիևի գործընկերներն ու դաշնակիցները շարունակեն ճնշում գործադրել Պուտինի վրա և զենք մատկարարել Ուկրաինա։
Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի փոխելու իր միտքը և հասկանալու, որ ելք չկա, համոզված է Ռյուտեն։
Եվրոպական հանձնաժողովն էլ առաջարկել է Ուկրաինային 90 մլրդ եվրո տրամադրել առաջիկա երկու տարում՝ կա՛մ ԵՄ վարկի միջոցով, կա՛մ ռուսական ակտիվների հաշվին։