Արազափի լուծված ու 2026թ․-ին լուծվելիք խնդիրները — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմավիրի մարզի Արազափ գյուղում մանկապարտեզ չկա, սակայն դպրոցի հին շենքում նախակրթարան է գործում: Մանկապարտեզ նախատեսվում է կառուցել. նախագիծը կա, սակայն դեռ հստակ չէ՝ ե՞րբ է կառուցվելու և ի՞նչ միջոցներով: Գյուղում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ լուծվել է 2015թ-ին: Սուբվենցիոն ծրագրերով գյուղի հողաշեն 4 փողոց կասֆալտապատվի եկող տարվանից:

Արազափում մանկապարտեզ չկա, ծնունդների թիվն էլ պակասել է: Հին դպրոցի շենքը դարձել է նախակրթարան, որտեղ 2 խումբ է գործում: Ծնողների հոգսը մինչև կեսօր է թեթևացել, քանի որ երեխաները նախակրթարանում 4 ժամ են մնում:

«Մեզ մոտ նախակրթարան է, մանկապարտեզ չի: Մինչև կեսօր են մնում, բայց ոնց որ հետագայում ծրագրով պիտի կառուցվի մանկապարտեզ: Նախակրթարանը գործում է հին մանկապարտեզի շենքում: Երեխաներն այնտեղ մնում են ժամը 9-ից մինչև 13–ը»:        

Զրուցակցիս երեխան 5 տարեկան է, եկող տարի արդեն դպրոց կհաճախի։ Իսկ չորս տարեկան Մարիամը և յոթնամյա Ջամիլան նկարագրում են նախակրթարանի առօրյան.

–Նկարում ենք, արև եմ նկարում

–Խաղեր էինք խաղում, ֆոկուսներ անում, տառեր ու թվեր նկարում: Դպրոց գնալիս արդեն դրանք գիտեի:  

Նախակրթարանն անվճար է, բայց երեխաներին չոր սնունդ են տալիս, որի դիմաց ծնողները որոշակի գումար են վճարում:

«Նախաճաշ չկա, կեսօրվա ընթացքում մի փոքր հաց, հացեղենից պատրաստված ինչ որ բան են ուտում՝ բուլկի կամ հաց ու պանիր, որ կեսօրին գան տուն: Միայն դրա համար ենք վճարում, 100 դրամ է, օրահաշիվ»:

Նախակրթարանում հիմա 2 խումբ է գործում, իսկ մանկապարտեզի խնդիրը միշտ էլ օրակարգային է եղել. շենքը հին է, նորը կառուցելու անհրաժեշտություն կա: Գյուղի վարչական ղեկավար Մանվել Հարությունյանը տեղեկացնում է, որ եկող տարի նոր մանկապարտեզ կկառուցվի:

«Հին դպրոցի շենքը մանկապարտեզ ենք սարքել: 2011թ-ից մանկապարտեզ ունենք, 40-50 երեխա է հաճախում, նախակրթարան է, բայց հին դպրոցի շենքն է, ինչ ուզում ես արա, նորից քանդվում է:

Որոշեցինք վերանորոգել, բայց եկանք այն եզրակացության, որ ավելի ճիշտ է նորը սարքենք, քան վերանորոգենք: Նախագիծն արված է, փորձաքննության է դրվել, երևի 2026թ-ից կսկսեն շինարարությունը»:

Նախատեսվում է կառուցել երկհարկանի մանկապարտեզ: Դպրոցը տարիներ առաջ է վերակառուցվել ու սեյսմիկությունն է վերականգնվել: Խմելու ջուրը շուրջօրյա է, օգտվում են արտեզյան ավազանի աղբյուրից՝ ասում է Մարգարը:

«Խմելու ջրի խնդիր չունենք,  մշտապես կա՝ 24 ժամ, ջրաչափերն էլ լրիվ տեղադրված են»:

Խմելու ջրի խնդիրը լուծվել է 10 տարի առաջ. վերակառուցել են արտեզյան խորքային հորը, փոխել՝  ջրի խողովակները: Ջրաչափեր են տեղադրել, ավագանին էլ նվազագույն սակագին սահմանել՝ ասում է Արազափի վարչական ղեկավար Մանվել Հարությունյանը.

 «Շատ բարձր որակով ջուր ունենք, 2015թ-ից 24 ժամ ջուր կա: Արտեզյան ջրհոր է, 1960-70-ական թվականներին է հորատվել շուրջ 270 մ, որը հետո վնասվել ու չի շահագործվել: Երբ մենք 2015թ-ին կապիտալ վերանորոգեցինք ջրի ցանցը՝ թուջե խողովակները փոխեցինք պլաստմասսայե խողովակներով, միանգամից մաքրեցինք նաև խմելու ջրի խորքային հորն ու բացեցինք: Արազափում խմելու ջրի 1խմ 100 դրամ է»:

Գյուղում  փողոցներն ասֆալտապատ չեն: Դրանք ժամանակ առ ժամանակ հարթեցնում են, իսկ բարեկարգում նախատեսել են սուբվենցիոն ծրագրերով: Արազափը ներառված է Արմավիրի մարզի ամենամեծ՝ 31 բնակավայրեր ունեցող Մեծամոր համայնքում: Սուբվենցիոն ծրագրով այս տարի գազիֆիկացնում են նորակառույց թաղամասերը, հաջորդ տարի՝ կկառուցեն ճանապարհները:   

 «Դպրոցի և մանկապարտեզի ճանապարհը 2025թ-ին պետք է ասֆալտապատվեր, բայց քանի որ սկսեցին մայրուղին ասֆալտապատել, դա թողեցին հաջորդ տարի, որին կմիացնեն ևս 2 փողոցի ասֆալտապատում: Հիմա գազիֆիկացվում են երկու փողոց, որտեղ նոր տներ են կառուցել»:

Գյուղական կյանքն աշխուժացնելու նպատակով  հաջորդ տարվա հրատապ ծրագրով նախատեսել են վերակառուցել նաև գյուղի զբոսայգին: Այնուամենայնիվ, գյուղում կան փակ դռներ, հեռանում են նաև երիտասարդները:

Leave a Comment