Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի կոնկրետ մասնակցություն TRIPP երթուղու նախագծում. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Եվրամիության հետ ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգին` շեշտելով, որ այդ փաստաթուղթը կարևոր նոր փուլ է Հայաստանի և ԵՄ հարաբերություններում։

Վարչապետի խոսքով՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածություններից և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող TRIPP Route նախագծի հայտարարումից հետո Հայաստանի հանդեպ ներդրումային հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի կոնկրետ մասնակցություն ենթակառուցվածքային ծրագրերում՝ ընդգծելով, որ եվրոպական ներդրումներն արդեն իսկ անցնում են 500 միլիոն եվրոն, որոնք կատարվել են մասնավոր հատվածի աջակցությամբ և բանկային համակարգի միջոցով։

Վարչապետը հավելել է, որ TRIPP Route նախագծի ռազմավարական շրջանակի մշակումը շարունակվում է, և Հայաստանը նախատեսում է ժամանակին ավարտել իրավական և հայեցակարգային փաստաթղթերի մշակումը՝ հաջորդ փուլերում անցնելով պայմանագրերի ստորագրմանը և ծրագրի գործնական իրականացմանը։

Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ Փաշինյանը հաստատել է Հայաստանի հետաքրքրվածությունն անդամակցության գործում՝ ընդգծելով, որ Չինաստանը Հայաստանի համար հուսալի և կարևոր գործընկեր է։ Նրա խոսքով՝ Հայաստան–Չինաստան ռազմավարական հարաբերությունները և ՇՀԿ-ում հնարավոր ներգրավվածությունը դիտվում են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։

Leave a Comment