«Անսամբլային կատարողականության արվեստ» ձեռնարկը անվճար կտրամադրվի երաժշտական ուս. հաստատություններին

Պրոֆեսոր, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը հրատարակվել է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։

Այն անվճար կտրամադրվի Հայաստանի միջնակարգ և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններին։ Ստանալու համար պետք լրացնել համապատասխան  հայտը հիմնադրամի կայքում:

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի կամերային և գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանն է, թարգմանիչը՝ երաժշտագետ, ԵՊԿ դասախոս Նոնա Ոսկանյանը:

Ձեռնարկում տրվում են  մեթոդաբանական և պրակտիկ խորհուրդներ, քննվում են կամերային անսամբլները երաժիշտների համար գրավիչ դարձնեու, երկացանկի ընտրության, փորձերի անցկացման վարպետության, երաժշտական ​​տեքստերի ընթերցման բարդությունների, երաժշտական ​​երկխոսության դրամատուրգիայի, երաժշտական ​​արտահայտչամիջոցների և այլ թեմաների շուրջ խնդիրները:

Իրինա Կրասոտինան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչը, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  «Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավար: 

Հիմնադրամում ծավալած գործունեության շրջանակում, 2023թ.-ից սկսած Կրասոտինան Երևանում ամեն տարի անցկացնում է «Կամերային երաժշտության դպրոց», ինչի արդյունքում իր շուրջը հավաքվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի տաղանդավոր հայ երաժիշտների, մանկավարժների և համախոհների մի խումբ։

Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշում է. «Ամեն տարի հարյուրավոր երաժիշտներ են ավարտում կոնսերվատորիաները, դրանցից եզակիներին է բախտ վիճակվում մենակատարի հաջող կարիերա անել, կամերային անսամբլը  երաժիշտների համար սիրելի գործով զբաղվելու լավ հնարավորություն է,  այն նաև զարգացնում է դիմացինին լսելու և համագործակցելու ունակություններ, ինչը օգտակար է նաև կյանքում: Ձեռնարկն անվճար կտրամադրվի ուսումնական հաստատություններին, իսկ մեր կայքում, անելով պարզ գործողություն, յուրաքանչյուրը կարող է նպաստել, որպեսզի մեկ ձեռնարկ ավելի նվիրաբերվի ուսանողներին և ուսուցիչներին»։

Leave a Comment