Աշնանային Հայաստան. սեզոն, որին հնարավոր չէ չսիրահարվել. ԶԼՄ

04 Դեկտեմբերի 2025, 11:45

Travel + Leisure Central Asia ամսագիրը Հայաստանը ներկայացրել է որպես յուրահատուկ աշնանային ուղղություն։ Հոդվածում ներկայացված են Հայաստանի բնապատկերները, հարուստ մշակույթը, ջերմ հյուրընկալությունը և աշնանային սեզոնի անմոռանալի հմայքը։

Հրատարակությունը նշում է, որ «աշնանը Հայաստանը կարծես շնչում է մեղմ լույսով։ Օդը դառնում է թափանցիկ, լեռները՝ ոսկեգույն, իսկ քաղաքներն ու գյուղերը կենդանանում են առանձնահատուկ ռիթմով»։

«Գույնի անվերջ խաղը պատում է ամբողջ երկիրը։ Զբոսաշրջիկների հոսքը նվազում է, ճանապարհներն ավելի հանգիստ են, իսկ տպավորություններն՝ ավելի շատ»,- ասվում է հոդվածում։

Հեղինակները խորհուրդ են տալիս մեկնել Դիլիջանի ազգային պարկ։ «Այնտեղ անտառները ոսկով են պատվում, իսկ արահետները տանում են դեպի Պարզ և Գոշ լճերը, որոնք հայելու պես արտացոլում են երկինքը… Իսկ Ջերմուկը, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով և ջրվեժներով, դառնում է ուժի վայր. այստեղ ուզում ես պարզապես լսել լեռնային առվակներին և բռնել աշնան շունչը։ Հենց աշնանն է երկիրը բացահայտվում իրականում՝ չափված, հյուրընկալ, լցված համերով ու առատ բերքի բույրերով»։

«Երևանում տիրում է առանձնահատուկ հարմարավետ տրամադրություն. փոքրիկ գինու բարերն ու սրճարանները հրավիրում են փորձելու ավանդական ուտեստներ՝ հայկական գինու բաժակի ուղեկցությամբ։ Բայց իրական կախարդանքը սկսվում է մայրաքաղաքից դուրս՝ գինեգործարաններում։ Այստեղ երեկոներն անցնում են կենդանի երաժշտության ներքո, պանրի և մեկ գավաթի շուրջ, մինչ արևը դանդաղ մայր է մտնում խաղողի այգիներում»,- նշում են հոդվածի հեղինակները։

Leave a Comment