Կրեմլում անցկացված ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ավելի չի մոտեցել։ Բանակցությունները շուրջ 5 ժամ են տևել, բայց, ըստ կողմերի հայտարարությունների, փոխզիջումային համաձայնության հասնել չի հաջողվել։
Կրեմլում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները հուշում են, որ կողմերին չի հաջողվել ամրապնդել «ամերիկյան խաղաղության օրակարգը»։
Մոսկվայում հաճելի զբոսանքից հետո ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգ ժամ բանակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հետբանակցային իրավիճակը թվերով է ներկայացրել․ Մոսկվայի և Կիևի անհամաձայնությունը 30-50 կմ2 տարածքի և տարածաշրջանի 20 %-ի շուրջ է։
«Պատերազմը շարունակվում է, և նախագահը փորձում է ավարտել այն: Մենք՝ որպես երկիր, միլիոն անելիք ունեն, որոնց վրա պետք է կենտրոնանանք, բայց նա աշխարհի միակ առաջնորդն է, որը կարող է օգնել այս պատերազմն ավարտելու հարցում: Սա պատերազմ է, որում ոչ ոք չի հաղթում»։
Կրեմլը հերքում է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ Մոսկվան մերժել է Վաշինգտոնի պլանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն իրավիճակն այլ կերպ է ձևակերպել․ խաղաղություն հաստատելու հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը չեն կարողացել փոխզիջման հասնել։
«Զրույցն օգտակար էր, կառուցողական և բովանդակալից։ Հենց այդ պատճառով էլ այն տևեց ոչ թե հինգ րոպե, այլ հինգ ժամ, ինչը մեզ թույլ տվեց մանրամասն քննարկել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման հեռանկարը»։
Սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա՝ ասել է Ուշակովը և հավելել՝ խաղաղությունը ո՛չ մոտ է, ո՛չ էլ հեռու։
«Կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի բաղադրիչները՝ ներառյալ տարածքների հարցը։ Ամերիկյան որոշ առաջարկներ ընդունելի են Մոսկվայի համար, մի քանիսը՝ ոչ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դուբլինում, ռուս-ամերիկյան բանակցությունների իր ակնկալիքից խոսելով, ասել էր, որ Կիևին արժանապատիվ խաղաղություն է պետք։
«Եթե ազդանշանները ցույց տան, որ խաղն արդար է, կարող ենք շատ շուտով հանդիպել մեր գործընկերների՝ ամերիկյան պատվիրակության հետ։ Բանակցությունները հնարավոր է շարունակվեն, բայց մեզ արդյունքներ են պետք»։
Ուիթքոֆը և Քուշները մինչև Մոսկվա գնալը Ֆլորիդայում բանակցել էին ուկրաինական պատվիրակության հետ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի քննարկումից հետո Կիևի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը Բրյուսելում կբանակցի եվրոպացի պաշտոնյաների հետ, ինչից հետո կարող է մեկնել ԱՄՆ՝ նոր հանդիպումների:
Իսկ Վլադիմիր Պուտինն ամերիկացիների հետ հանդիպումից առաջ դարձյալ Եվրոպային է մեղադրել խաղաղության գործընթացը խոչընդոտելու համար:
«Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան ցանկանա սկսել, մենք պատրաստ ենք։ Եվրոպան Ուկրաինա չէ։ Մենք Ուկրաինայի դեպքում գրեթե վիրաբուժական մոտեցում ենք որդեգրել։ Հասկանալի է, չէ՞, որ սա պատերազմ չէ բառի ժամանակակից իմաստով։ Իսկ եթե Եվրոպան հանկարծ որոշի պատերազմ սկսել, իրավիճակը շատ արագ հնարավոր է հասնի մի կետի, որ ոչ ոք չմնա, որի հետ բանակցենք»:
Չի ուշացել նաև ՆԱՏՕ-ի արձագանքը։ Կառույցի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոպան բախվում է իրական և երկարաժամկետ վտանգների։
«Ռուսաստանը շարունակում է փորձել մեր զսպվածությունը, Ռուսաստանը խախտել է մեր օդային տարածքը ինքնաթիռներով և անօդաչու սարքերով, անցկացրել է դիվերսիաներ և մեր ջրեր է ուղարկել լրտեսական նավեր։ Այս գործողություններն անխոհեմ են և վտանգավոր, և խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, այլ նրա հետ սերտորեն գործակցող Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի, որոնք խախտում են համաշխարհային կանոնները։ Նրանք պատրաստվում են երկարատև դիմակայության, և մենք պատասխանում ենք ուժով, միասնությամբ և վճռականությամբ»։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը համոզված է, որ քանի դեռ բանակցություններն ընթանում են, պետք է շարունակվեն Ուկրաինա զենքի մատակարարումն ու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Ըստ Մարկ Ռյուտեի՝ Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի բոլոր ճակատներում: