Առաջարկվում է քրեադատավարական նորմերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը

Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Օրինագծի ընդունմամբ կապահովվի քրեադատավարական նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը եւ օրենսդրական բացերի լրացումը:

2025 թվականին Սահմանադրական դատարանը համապատասխան որոշմամբ արձանագրել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասը, որը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, պետք է արգելի քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նաեւ՝ նման հետապնդումը շարունակելը՝ նշված արգելքի խախտված լինելը պարզելու դեպքում: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդումն արգելված է քրեական օրենքով, իսկ քրեադատավարական օրենքը պետք է ամրագրի բացառապես վարութային կարգավորումներ՝ չհակասելով նյութական օրենքին: Նախագծով առաջարկվում է ռեաբիլիտացիայի իրական հնարավորություն սահմանել այն անձանց համար, որոնք օրենքով չնախաատեսված լինելով՝ ներգրավվել են քրեական գործընթացների մեջ քրեական պատասխանատվության համար նախատեսված տարիքային շեմին չհասնելու պայմաններում:

Առաջարկվում է Քրեական դատավարության 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական հետապնդում բացառող հանգամանքների շարքում դասել նաեւ նույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված հիմքը, այն է՝ անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հիմքը: Նշված փոփոխությամբ պայմանավորված՝ առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել նույն հոդվածի չորրորդ մասում՝ բացառելով արարքի կատարման պահին քրեական պատասխանատվության ենթակա տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը եւ շարունակելը:

Առաջարկվող կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը: Նա պարզաբանել է, որ ներկայումս գործող Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի դեպքում քրեական վարույթը կարող է կարճվել ոչ արդարացնող հիմքով: Ըստ Սահմանադրական դատարանի՝ քանի որ անձը չի հասել քրեական պատասխանատվության տարիքի, չի կարող լինել հանցանք եւ չի կարող խոսք լինել քրեական պատասխանատվության մասին: Այդ հիմքով էլ պետք է քրեական վարույթի կարճումը լինի ռեաբիլիտացնող:

Հաջորդ փոփոխությունը եւս պայմանավորված է ՍԴ մեկ այլ որոշմամբ: Արձանագրվել է, որ օրենսդիրը սահմանափակել է բացառիկ վերանայման առարկայի շրջանակը: Նախագծով առաջարկվում է բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում ներառել նաեւ խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է խափանման միջոց կիրառելու անիրավաչափությունը:

Այն դեպքերում, երբ խափանման միջոց է կիրառվել եւ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն կիրառվել է անձի նկատմամբ եւ կիրառումը Սահմանադրությանը հակասել է, ապա դա պետք է հանդիսանա նոր հանգամանք՝ վերանայելու նշված գործը, ինչը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:

Leave a Comment