Ինչո՞ւ են Արմավիրի խաղողագործները հրաժարվել այգեթաղից

Արմավիրի մարզում արդեն մի քանի ձմեռ սառնամանիքներ չեն լինում, ուստի գյուղացիները որոշել են հրաժարվել այգեթաղից, որպեսզի նվազեցնեն խաղողի մշակության ծախսերը: Այգեթաղը լրացուցի ծախս է պահանջում, որը բարձրացնում է խաղողի ինքնարժեքը: Մթերման միջինացված գինն էլ գրեթե չի ծածկում գյուղացու ծախսերը: Եթե առաջ չէին ծածկում խաղողի ցրտադիմացկուն տեխնիկական սորտերը, ապա հիմա չեն թաղում նաև սեղանի սորտի խաղողի վազերը:

Չնայած արդեն ձմեռ է, տաք եղանակը դեռ չի նահանջում: Մեղմ ձմեռները վերջին տարիներին թեթևացրել են Արմավիրի խաղող մշակողների գործը: Օդի ջերմաստիճանը շատ չի նվազում, խաղողի վազերը չեն վնասվում, դրա համար էլ խաղողագործները հրաժարվել են այգիները թաղելուց: Արևիկցիների եկամտի հիմնական աղբյուրը խաղողի այգին է:

«Արդեն մի քանի տարի ցուրտ չի անում: Ժողովուրդը հոգնել է, խաղողն էնքան էժան է, որ թաղելն էլ ձեռք չի տալիս, որովհետև այգիները շատ են, մարդիկ իրենց ուժերով չեն կարող: Աշխատող են բերում, աշխատողն էլ գումար է: Հիմա, որ չթաղեն, միևնույն է, ցուրտը չի տանելու : Պիտի մի 10 օր -20 աստիճան ցուրտ անի, որ այգին ցրտահարվի: Ինչպես ասում են՝ արդեն դարձել են ցրտադիմացկուն: Մենք վաղուց մեր այգին էլ չենք թաղում, արդեն 6 տարի է»:

Արևիկ գյուղը հայտնի է սեղանի սորտի խաղողով: Այգեգործները մեծ ջանք են ներդնում խաղողի որակյալ ու բարձր բերք ստանալու համար: Նախկինում ամեն տարի աշնանը որթատունկը զգուշորեն պահ են տվել հողին, սակայն հետագայում սկսել են այգիները չթաղել: Ասում են՝ բերքատվությունը չի տուժել, անգամ կրկնակի բերք են ունեցել այս տարի: Այգեթաղը զգալի ծախսեր է պահանջում՝ ասում է Արևիկ գյուղից մյուս զրուցակիցս.

«Էս տարի չենք թաղել այգիները, էս տարվանից չենք թաղելու, ուզում ենք էլ չթաղել, որովհետև ադեն ցրտին որթը դիմանում է, ոնց որ իմունիտետ ձեռք բերի: Հետո էլ ծախսը շատ է, էդքան աշխատող ես բերում, էդ մովերն իջացնում են, կապում, էդքան ցելոֆան ես առնում, նորից ծածկում ես: Էդ բոլորն արդեն փող է: Դրա համար ձեռք է տալիս, որ թողես: Մի երկու տարի չես թաղում, սովորում է, եթե շատ ուժեղ ցուրտ չանի, բայց որ արեց՝ կցրտահարվի»:

Այգեթաղն ու այգեբացը զգալի ավելացնում են գյուղացու ծախսերը: Խաղողի մշակությունը և՛ ծախսատար է, և՛ աշխատատար:

«Էդքանը էտում են՝ մկրատով կտրտում, հետո բոլոր ճյուղերը կապում են, կանաչեց, էն ավելորդ շվերը պիտի պոկես թափես: Մի քիչ մեծացավ նորից է շվեր տալիս, նորից ես պոկում, թափում: Երևի մի 10 անգամ միայն սրսկում ենք: Ահավոր մեծ փողեր են, աշխատող ես բերում, որովհետև դու մենակ չես կարող, շատ է: Ծախսը շատ է, տակը խոտ է լինում կամ սրսկում ես, կամ քաղում: Ամբողջը փողի հետ կապված է: Ոչ էն է մշակես, ոչ էն է չմշակես»:

Գյուղատնտես, այգեգործ Կարեն Գաբրիելյանը նույնպես խաղողի այգիները չթաղելու պատճառները կապում է մեղմ ձմռան ու հավելյալ ծախսերի հետ: Հաշվարկելիս միշտ էլ խաղողի մշակության ծախսն ավելին է, քան իրացման գինը: Մթերումն էլ ծախսերը չի ծածկում:

«Ռիսկային թողնում են, էլի: Ինքնարժեքի մեջ այգեթաղը բավականին մեծ թիվ է: Արտահանումը վատ է, գները ցածր: 2005թ-ին ես ֆրանսիացի պրակտիկանտ ունեի, գյուղերում, ինքն անկախ, խաղողի ինքնարժեք հաշվեց: Այն ժամանակ 1կգ խաղողի ինքնարժեքը 110 դրամ էր: Հիմա պատկերացնում եք ինչ գին կլինի: Այդ մթերման 150 դրամը մոտ է ինքնարժեքին: Գյուղացին 10-20 դրամի համար է աշխատում: Ավանդաբար չեն ուզում քանդել այգիները, ինչ կլինի՝ կլինի: Ցուրտը տարավ, ոչինչ, մի երկու տարի էլ խաղող չեն ունենա»:

Արմավիրում խաղողի այգիները կարող են դիմանալ մինչև 15 աստիճան կարճատև ցրտին, իսկ դրանից բարձր երկարատև սառնամանիքից ամբողջությամբ կցրտահարվեն: Կարեն Գաբրիելյանը մանրամասնում է.

«Եթե մի քանի օր -16 և ավելի ցուրտ եղավ, երկու-երեք օր, վնաս կտա: Ասենք՝ -18-20 աստիճանի տակ կցրտահարվեն պտղաբողբոջները, որոնցից առաջանում են էդ միամյա շվերը: -20 և ավելի ցածր ջերմաստիճանի տակ՝ թևերը մինչև քոք: Այգին արդեն կոճատելու անհրաժեշտություն կլինի, որպեսզի նոր այգի ձևավորվի»:

Արմավիրի մարզում ջերմաստիճանի երկարատև անկում եղել է 2002-2003 թթ ձմռանը: Մարզի գոգավոր դիրքի պատճառով այդ ժամանակ սառնամանիքը երկար պահպանվեց:

«Եղանակը փոխվել է, -16, -17, -18 աստիճանից ավելի ցուրտ չի անում: Օրինակ՝ 2002-2003 թթ ձմռանը մենք ունեցանք -25, -30 աստիճան ցուրտ և Արմավիրի մարզի այգիների 70 տոկոսը ցրտահարվեց: 2003թ աշնանը բերք չունեցանք, ընդամենը 2500 տ բերք եղավ»:

Խաղողի այգիների ծախսը նվազեցնելու և ցրտահարության դեպքում կրկին խաղող ունենալու համար գյուղատնտեսը նոր հմտություններ է կիրառում: Կարեն Գաբրիելյանն առաջարկում է այգիների մշակության իր փորձը:

«Այգիներում ֆրանսիական սորտեր են հիմնականում, մենք բարձրագույն ձևավորում ենք տվել ու մի քանի տարի շարունակ չենք թաղում: Մենք վազի բուկը, պատվաստի տեղից վերև, հողի մակերեսից 20-25 սմ վերև, հավաքում ենք ու հողով ծածկում: Եթե հանկարծ ցրտահարություն լինի, գոնե պատվաստված, մշակված շվից մի հատված չի ցրտահարվի: Այդ հատվածից նոր աչք դուրս դա, նոր վազ կձևավորենք»:

Այս տարվա աշնանային մեղմ եղանակը շարունակվում է նաև դեկտեմբերին: Ջերմաստիճանը կայուն է, փոքր ինչ նվազում է գիշերը։ Օդերևութաբանները վստահեցնում են, որ առաջիկայում ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն լինելու:

Leave a Comment