«Առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ»․ Հակոբ Բադալյան

«Առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կրեմլում Պուտինի հետ Սթիվ Ուիտկոֆֆի բանակցությունը տևել է ավելի քան հինգ ժամ: Հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են չհանրայնացնել բանակցության էությունը: Ուշակովը նաև հայտարարել է, որ դեռ կա կատարելու շատ աշխատանք: Ըստ Ուշակովի, ռուսական կողմը ինչ որ բաների հետ համաձայն է, իսկ որոշ բաներ առաջացնում են քննադատություն:

Ի՞նչ է հնարավոր ասել այս կապակցությամբ: Պուտինը ռազմադաշտում ունի առավելություն և, իհարկե, թելադրելու է կանոններ: Սա պարզ տրամաբանություն է: Հնարավո՞ր է նրան հասցնել տնտեսական այնպիսի վիճակի, որ ստիպված լինի կանգնել ռազմական առումով: Տեսականում՝ այո, գործնականում՝ ոչ, որովհետև կան Չինաստան և Հնդկաստան, նվազագույնը:

Միևնույն ժամանակ, նույնիսկ Եվրոպան պատրաստ չէ լիովին հրաժարվել ռուսական նավթ ու գազից, որքան էլ դրա ծավալը հասցրել է նվազագույնի: Դրան գումարած, առանցքային է Թրամպի գործոնը, որի համար Պուտինը անուղղակի, թե ուղղակի, բայց կարևոր «հենակետ» է եվրաատլանտյան թևում իր քաղաքական դիրքերը պահպանելու համար:

Նա թերևս մտածում է, որ Ուկրաինայի «ձեռամբ» հաղթել Ռուսաստանին միևնույն է չի ստացվելու, իսկ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու դեպքում էլ չի ստացվելու հաղթել եվրաատլանտյան գլոբալիստներին:

Ուշակովը հայտարարել է, որ հանդիպմանը Սթիվ Ուիտկոֆն ու փեսա Քուշները Թրամպի ողջույնն են փոխանցել Պուտինին, Պուտինն էլ հանդիպման ավարտին իր ողջույնը, և, ուշադրություն՝ մի շարք քաղաքական ազդակներ է փոխանցել Թրամպին:

Ամփոփելով, առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ՝ ռազմաճակատում իրավիճակի առավել բարդացմանը զուգահեռ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment