Հստակեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ. առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Գործնականում տարակերպ մեկնաբանման դաշտ է ստեղծվել, թե ՊԵԿ հայտարարագրեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կարո՞ղ է արդյոք գործել 444-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել հանցակազմերի սուբյեկտի շրջանակը, կանխել գործնականում առաջացող լայն մեկնաբանությունների եւ հակասությունների ռիսկերը հանցակազմի օբյեկտի եւ սուբյեկտի հետ կապված:

Գեւորգ Քոչարյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ այն միտված է ՀՀ քրեական օրենսգիրքը հստակեցնելուն:

Leave a Comment