Դատարանը կասեցրեց Գագիկ Ծառուկյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում նախագահությամբ դատավոր Լիլի Դրմեյանի շարունակվեց Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Տիգրան Ենոքյանը և Կառլեն Ափինյանը, պատասխանող Գագիկ Խառուկյանի ներկայացուցիչներ Վարդազտատ Ասատրյանը և Արսեն Հարությունյանը, Ջավահիր Ծառուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեջանյանը  և պատասխանողներ Տիգրան Մանուկյանի և Արմինե Մանուկյանի ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը։

Նախորդ դատական նիստով գործի քննությունը հետաձգվել էր հայցվորի միջնորդությամբ։ Տիգրան Ենոքյանը նոր էր ներգրավվել գործի քննությանը և խնդրել էր ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս նիստով գործում որպես հայցվորի ներկայացուցիչ ներգրավվեց նաև Կառլեն  Ափինյանը։ Դատարանը ստուգեց անձը հաստատող և մասնագիտական որակավորումները փաստող փաստաթղթերը։

Տիգրան Ենոքյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն։ Գործում ներգրավված մասնակիցներից մեկը՝ Կոլիկ Ծառուկյանը մահացել է։ Հայցվոր կողմը իրավահաջորդների մասին տեղեկություն չունի, ուստի Տիգրան Ենոքյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե ում վրա պետք է դրվի հանգուցյալի դեմ ներկայացված հայցային պահանջը։

Դատարանը որոշեց Կոլիկ Ծառուկյանի դեմ ներկայացված հայցապահանջի մասով գործի վարույթը կասեցնել, մինչև իրավահաջորդության հանգամմանքի պարզումը։

Մնացած մասով գործի քննությունը կշարունակվի։

Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ասաց, որ իրենց համար դեռևս անհասկանալի է, պարզ չէ ներկայացված հայցադիմումի ծավալը, քանի որ ներկայացված տարբերակում դատարանի կողմից կան օբյեկտիվ վերապահումներ, որոնց պետք է անդրադառնա հայցվոր կողմը։

Ներկայացուցիչ Հարությունյանը հանդես եկավ գործի վարույթն ամբողջությամբ կասեցնելու միջնորդությամբ, նշելով, որ իր դիտարկմամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ դատական պրակտիկայով չկա գեթ մեկ դեպք, երբ պատասխանողներից մեկի մահը հիմք կլինի իր մասով միայն գործի վարույթը կասեցնելու։ Ներկայացուցիչը որպես հիմք մեջբերեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մաս չորրորդ կետը, որում ասում է, որ Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործի մասնակցող անձը մահացել է։

Միջնորդության մանրամասները դատական նիստի տեսանյութում։

Ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանը և Լուսնթագ Բեժանյանը ևս դիքորոշում հայտնեցին, նշելով որ միանում են ներկայացված միջնորդությանը։ Վերջինս նշեց, որ մասամբ կաեցման դեպքում կարող է խնդիր առաջանալ նաև Կոլիկ Ծառուկյանի իրավահաջորդների հետ, քանի որ դեևս պարզ չէ նրանց շրջանակը և գուցե նրանք գործին մասնակցող անձինք չեն։

Դատարանի պահանջով հայցվորի ներկայացուցիչը մանրամասնեց Կոլիկ Ծառուկյանից հայցով պահանջվող գույքերի փաստական հիմքերը։

Ի վերջո, քննարկման արդյունքում Դատարանը միջնորդությունը հիմնավոր համարեց։ Գործի վարույթը  կասեցվեց  Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասի չորրորդ կետով նախատեսված հիմքով, մինչև Կոլիկ Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։

Leave a Comment