Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալի»՝ «Ժիրոնայի» հետ գրանցած ոչ-ոքիից (1-1) հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել Խաբի Ալոնսոյի հնարավոր հեռացման վերաբերյալ։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը մեկնաբանել է այս շշուկները Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կայանալիք խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ։
— Ձեզ անհանգստացնո՞ւմ են զբաղեցրած պաշտոնից հեռացվելու մասին խոսակցությունները։
«Այդ խոսակցությունները ուղղված չեն ինձ։ Իմ խնդիրը վաղվա խաղն է։ Մենք գիտենք, թե մրցաշրջանի որ փուլում ենք գտնվում, առջևում շատ խաղեր կան։ Պետք է հաղթել «Սան Մամեսում» և վերադարձնել արտագնա խաղերում հաղթելու զգացումը»։
— Զգո՞ւմ եք, որ որոշ մարդիկ սկսում են կասկածել ձեզ վրա: Ի՞նչ կասեիք նրանց:
«Մենք հանդես ենք գալիս և՛ Լա լիգայում, և՛ Չեմպիոնների լիգայում։ Պահանջկոտությունն ու քննադատությունը «Ռեալի» կյանքի անբաժան մասն են կազմում։ Մենք կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչը կարող ենք բարելավել»,- ասել է Ալոնսոն։
Նշենք, որ Լա լիգայում երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո «Ռեալը» նահանջել է երկրորդ հորիզոնական։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Խաբի Ալոնսոյի թիմը կխաղա «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։