Գործադիրը առաջիկա երեք տարում առողջության ապահովագրական մեկ համակարգ կներառի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին։ Առաջնահերթորեն կապահովագրվեն մինչև 18 տարեկան 700 հազար անձինք, 65 տարեկանից բարձր 400 հազար անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ Նրանց ապահովագրության համար կվճարի պետությունը։
2026-ին առողջապահության համընդհանուր ապահովագրումը պարտադիր կլինի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ կամ համարժեք այլ եկամուտներ ստացող անձանց, նաև նրանց համար, որոնք արդեն ունեն մասնավոր ընկերություններից ապահովագրություն՝ հայտարարում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Բացառություն կլինեն միայն նրանք, ովքեր իրենց առողջությունն ապահովագրել են միջազգային կազմակերպություններում․
«Միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջպետական պայմանագրերի շրջանակներում Հայաստանում գործող կազմակերպությունները այս օրենքի կարգավորման մեջ չեն մտնում։ Եվ միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, այսինքն՝ այս միջազգային կազմակերպությունները կարող են շարունակել գործել իրենց այսօր գործող իրավակարգավորումների շրջանակներում»։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկմանը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Ավանեսյանի խոսքով՝ հունվարի 1-ից պետական առողջապահական գործակալության փոխարեն կաշխատի ապահովագրական հիմնադրամը։ Նախարարությունն այս օրերին կլուծարի գործակալությունը, իսկ հիմնադրամի համար արդեն որոշ մասնագետների մրցույթներ է հայտարարել։ Այս փաստը զարմացրել ու զայրացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանին․
«Դուք իրավաբան լինելով հանդերձ, պնդեցիք փաստը, որ չեղած բանի վրա մրցույթ եք հայտարարել։ Այսինքն՝ էսօր այս օրենքը դուք վստահ չեք, կընդունվի՞, թե չի՞ ընդունվի, արդեն հիմնադրամի մրցույթ եք հայտարարել։ Եթե հիմնադրամը կանոնադրություն չունի, աշխատանքային ռեժիմ չունի, ֆինանսական աղբյուր չունի, դուք մրցույթը ինչի՞ հիման վրա եք հայտարարել»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև պահանջում է մինչև օրենքի ընդունումը հստակացնել պարտադիր ապահովագրության ցանկ ընդգրկվող բուժծառայությունների ցուցակը։ Ավանեսյանը վստահեցնում է՝ դրանք այնքան շատ են, որ միայն թվարկումը մի քանի ժամ կտևի․
«Ինձնից կպահանջվի երևի 3 ժամ, որպեսզի ես դրանք հերթով թվեմ, որովհետև ծառայությունները ոչ միայն ցանկեր են, այլ նաև դրանք դասակարգված են, թե որ ծառայությունը ո՞ր օղակում պետք է ստացվի, ինչպիսի՞ ցուցումների հիման պետք է ստացվի և այլն, և այլն։ Մեր քաղաքացիները հասանելիություն ունենալու են շատ պարզ ձևով իրենց տրամադրվելիք ապահովագրության փաթեթում ծառայություններին»։
Ավանեսյանի խոսքով՝ ապահովագրության փաթեթները կլինեն քաղաքացիների հեռախոսներում՝ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։ Նախարարը չի հրապարակում բուժծառայությունների ամբողջական ցանկը, բայց թվարկում է մի քանիսը․
«Աչքի վիրահատություն, կատարակտի վիրահատություն, որը ամենապահանջվածն է տարիքային գործոնից ելնելով։ Եթե անձը չուներ 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն, ապա նա 65-ից հետո այս վիրահատություն չէր կարողանում ստանալ։ Սրտի ռիթմավարի տեղադրում։ Առիթմիոլոգիական խնդիրների պարագայում, օրինակ, Աբլացիան, որ ուղղում են սրտի ռիթմի աշխատանքը, դեղորայքի փաթեթ՝ իր քրոնիկ վիճակները կառավարելու առումով։ Այո՛, այսօրվա այս խումբ քաղաքացիները պետական պատվերի շրջանակներում ստանում էին շատ սահմանափակ ծառայություններ, դրանք վերաբերում են վարակիչ հիվանդություններին, հոգեբուժական հիվանդություններին, այնպիսի ծրագրերին, որոնք բոլորի համար էին։ Օրինակ՝ չարորակ նորագոյացությունների վիրահատությունը, այո, բոլորի համար է, բայց մինչև անձը հասներ այդ ախտորոշման հաստատմանը, ևս որոշակի հետազոտություններ պիտի անցներ։ Եվ դա արդեն իր վրա էր, որ ինքը պիտի հոգար, ապահովագրության շրջանակներում այս ցիկլը՝ առողջապահական ծառայությունների, ավելի ամբողջական է»։

Օրինակ՝ պետպատվերի փաթեթով քաղաքացիներին տրամադրվող քիմիաթերապևտիկ դեղերի սահմանը այս պահին 300 հազար դրամ է, ապահովագրության փաթեթի մեջ՝ մինչև 1 մլն 200 հազար՝ ասում է Անահիտ Ավանեսյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը հակադարձում է՝ քաղցկեղ հիվանդության դեպքում նախարարի նշած թիվը չնչին գումար է․
«Մապտերայի 100 մգ-ը, օրինակ, 150 000 դրամ է։ Քիմիաթերապիայի մեկ կուրսի ժամանակ անհրաժեշտ է լինում, օրինակ, 10-ից 15 տուփ, այսինքն 4, 5 միլիոն դրամի մասին կարող է խոսքը գնալ։ Հիմա ես չեմ պատկերացնում, որ 1 միլիոնով ավելացումը հարցի լուծում է, դրա համար եմ ասում` ո՞րն է ձեր հիմնական սկզբունքը։ Այսինքն դուք ի՞նչ հարց եք լուծում»։
Պետությունը փորձում է լուծել քաղաքացիների ավելի երկար ու որակյալ կյանք ունենալու հարցը՝ պատասխանում է նախարարը․
«Եվ մեր նախորդ գործունեությունը ցույց է տվել, որ մենք հաջողում ենք»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը առաջարկում է համեմատել 36 հզր դրամ արժեցող սոցփաթեթը և գործադիրի առաջարկած 130 հազար դրամանոց ապահովագրության փաթեթը․
«Հիմա ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, պարտավոր եմ չէ՞ վերցնել այս ցանկը, որ մարդ վճարում է 36․000 դրամ և տեսնում է՝ իր առաջ ինչ ծառայություններ կան, և փորձել հասկանալ, թե եթե 100․000 դրամով ավելանում է վճարը, մարդու վրա դրվում է պարտավորություն լրացուցիչ 100․000 դրամ վճարելու, չհասկանա՞նք 100․000 վճարի դիմաց ինքը ի՞նչ ծառայություն է ստանալու։ Սա ֆունդամենտալ հարց է, որը դուք էսպես բարեհաջող ձևով շրջանցեցիք» ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանն առաջարկում է քննարկել նախագիծը առողջապահության ոլորտում տարածված «Մի՛ վնասիր» սկզբունքով․
«Ես այսօր եկել եմ այս քննարկմանը` լսելու փաստարկներ այն մասին, թե ինչով այս նախագիծը կարող է մեզ վնասել։ Ես այդպես եմ հասկանում՝ եթե կա մի որևէ վնաս այս նախագծից, ասեք, որ սա վնաս է և մենք փորձենք չեզոքացնել վնասը, օգուտը կլինի, քիչ կլինի, շատ կլինի, շուտ կլինի, ուշ կլինի, արագ կլինի, դանդաղ։ Բնականաբար, խնդիրներ կլինեն, որովհետև բարդ համակարգ ենք մենք գործարկում, և հիմա մենք ի՞նչն ենք քննարկում, եկել ենք ասենք, որ եկեք ոչ մի բան չանենք, ոչ մի բան չանելու համար պարտադիր չէր հավաքվել էս դահլիճում, կարող էինք սենց, թե նենց ոչ մի բան չանել»։
«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ նախագծի ամենամեծ թերությունն այն է, որ գործադիրը շրջանառում է 2026-ի խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ․
«Խնդիրն այն է, որ դուք իրեն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու էստեղից են սկսվում բոլոր խնդիրները։ Այո, դուք 5 տարի խոսել եք սրանից, բայց հունվարի 1-ից արդեն սահմանել եք, որ հարկը քաղաքացու պիտի բարձրանա։ Դեկտեմբերի 2-ն է, մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում ենք ու այլ պատճառաբանություն, այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են, դրա համար է սա քննարկվում, ուղղակի չկա, որովհետև այլապես մենք հնարավորություն կունենայինք ոչ թե ունենալու այն, ինչ հասցրել եք բերել Ազգային ժողով, այլ հնարավորություն կունենայինք միջազգային լավագույն փորձով առաջ շարժվելու»։
Նախարար Ավանեսյանը մինչդեռ վստահեցնում է՝ ոչ միայն ուսումնասիրել, այլև որոշ սկզբունքներ ու մեխանիզմներ ներդրել են միջազգային փորձից։ Ինչ վերաբերում մտահոգություններին, թե առողջապահական առաջնային օղակը՝ ամբուլատորիաները պատրաստ չեն բարեփոխմանը, և հնարավոր է՝ հերթեր առաջանան, նախարարի խոսքով, բոլոր ռիսկերը հաշվարկված և կառավարվող են։ Նախագծի՝ առաջինից երկրորդ քննարկման ընթացքում պատգամավորները գրավոր առաջարկներ կանեն։ Առանցքային են մնում առաջին փուլով ապահովագրվող 65 տարեկան անձանց շեմը 63 տարեկանի իջեցնելու և բուժծառայությունների կոնկրետ ցանկը ստանալու հարցերը։