
Ըստ էության, 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի որոշման բացառիկ նշանակությունը նրանում է, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները, այդ թվում և Ադրբեջանը, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը՝ ի դեմս նրա ընտրված ներկայացուցիչների, որ Մինսկի խորհրդաժողովի մասնակից պիտի լինեին: Իրավական առումով այս որոշումը չեղարկում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 25-ի որոշումը և ճանապարհ հարթում, որպեսզի բանակցությունների միջոցով ԼՂ-ն ունենա միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո, ավելի ստույգ՝ 2022թ. ապրիլի 14-ին, Արցախի Ազգային ժողովը միաձայն հայտարարություն է ընդունել առ այն, որ «Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում»: Բարեխիղճ և արդարացի լինելու դեպքում պետք է արձանագրվի, որ քաղաքական այդ դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցման ուղղակի և աներկմիտ պատասխանն էր: Ավելի վաղ, նույն տարվա մարտի սկզբներին Արցախի «հողային ամբողջականության վերականգման և անկախության միջազգային ճանաչման հասնելու» որոշում կայացրել է ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը:
Հետագա իրադարձությունները հայտնի են, հիշեցնելու անհրաժեշտություն չկա: 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը գրեթե իննամսյա շրջափակումից և պաշարումից հետո Արցախի դեմ ահաբեկչական պատերազմ է սկսել, հաջորդ օրն ստորագրվել է «կապիտուլյացիայի» փաստաթուղթ, իսկ սեպտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը: Ամիսներ անց պարզվել է, որ հրամանագիրն իրականում ընդունվել է սեպտեմբերի 26-ին:
Ի՞նչ պայմաններում է այդ որոշումն ընդունվել, հնարավո՞ր էր խուսափել Ադրբեջանի վերջնագիրը կատարելուց և այլն,- այս հարցերը կոնկրետ պատասխան չունեն: Փաստ է, որ 2023թ. սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի իրավական սուբյեկտությունը դադարել է, իսկ հայ բնակչությունը՝ բռնատեղահանվել: Այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է ԼՂ կարգավորման մանդատը: Սրանից հետևո՞ւմ է, որ Արցախի հարցը փակված է: Այս հարցին կարող են պատասխանել միջազգային իրավունքի մասնագետները: Մի բան, սակայն, ակնհայտ է. Մինսկի խումբը չէր լուծարվի, եթե Սամվել Շահրամանյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտությունը սպառված չճանաչվեր: