ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՔՊ համամասնական ցուցակում չի առաջադրվել։ Այս մասին ասել է Արշակյանը լրագրողների հետ զրույցում։
«Չեմ առաջադրվել։ Տարբեր են պատճառները։ Ընդհանուր առմամբ երևի թե շատերը գիտեն, որ ես մասնագիտությամբ ճարտարագետ եմ և իմ ամբողջ կենսագրության ընթացքում աշխատել եմ Հայաստանում տնտեսական զարգացման ուղղություններով տարբեր երկրների հետ, միջազգային մեծ պրոեկտներ են բերել Հայաստան և գործընկերներիս հետ։ Եվ իհարկե իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ և դրա հիմնական մղող ուժը այն է եղել, որ Հայաստանում պարբերաբար ընտրություններ են կեղծվել»,- ասել է Հակոբ Արշակյանը։
«Ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ, բիզնեսի զարգացման, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմաարդյունաբերական ոլորտի կայացման և զարգացման, և ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով և ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել, և ուզում եմ ասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»,-ասել է փոխնախագահը։
Արշակյանը հավելեց՝ «2021 թվականին քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև Ազգային ժողովի փոխխոսնակ։ Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդի ժողովրդավարությանը վտանգ է սպառնում և ինքս նորից ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ։ Այժմ, այս պահին, ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է և մեր ժողովուրդը իր որոշումներով և քվեարկություններով տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակում»։