ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Կիրակի օրը Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիրում մատուցված Սուրբ և Անմահ պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը հնչել է։ Հակասական տեղեկություններ կան մամուլում այն մասին, թե ո՞վ է ի վերջո որոշել չզեղչել Կաթողիկոսի անունը։
Լրատվականներից «News․5tv»-ն գրել էր, որ իրենց հետ զրույցում Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանն է ասել, որ հնչեցնեն Վեհափառ Հայրապետի անունը։
Aysor․am-ն էլ գրել էր, որ իրենց տեղեկություններով, ոչ թե Առաքել Սրբազանն է հանձնարարել հնչեցնել, այլ քահանաներն իրենք են դիրքորոշում հայտնել՝ եթե պետք է զեղչեն Վեհափառ Հայրապետի անունը՝ պատարագ չեն մատուցելու:
24News-ը կապ հաստատեց Կեչառիս վանական համալիրում կիրակի օրը պատարագ մատուցած Տեր Մաշտոց քահանա Հմայակյանի հետ, վերջինս նշեց, որ թեմի առաջնորդն է ասել, որ պարտադիր հնչեցնեն․
«Իմ թեմի առաջնորդն է ասել, որ հանկարծ չզեղչվի Կաթողիկոսի անունը»,– վստահաբար պնդեց քահանան։
Մեր հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր մյուս հոգևոր եղբայրները պատարագների ժամանակ զեղչում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, քահանա Հմայակյանն ասաց․
«Ես վատ, շատ վատ եմ վերաբերվում դրան»։
Փորձեցինք կապ հաստատել նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգին։
Մերի Մանուկյան
–00—ԱՊ