Հարգելի ընկեր,
Այսօր Գոհաբանության տոնն է, և Սիլվան ու ես ցանկանում ենք օգտագործել այս առիթը՝ մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Խորապես շնորհակալ ենք Ձեզ և բոլոր այն աջակիցներին, ում շնորհիվ կյանքի է կոչվում Թումոյի առաքելությունը։
Գալիք տարում Թումոն 15 տարեկան է դառնում՝ նշաձող, որը չէինք կարող պատկերացնել, երբ տարիներ առաջ ոտք դրեցինք Հայաստան և բացահայտեցինք մեր երիտասարդների հսկայական, չբացահայտված ներուժը։ Այն, ինչ սկսվեց որպես Հայաստանի ամենակարևոր ռեսուրսի՝ երիտասարդության զարգացմանն ուղղված ներդրում կատարելու անհատական որոշում, այսօր վերածվել է մի շարժման, որը մեծ է բոլորիցս։
Արդեն ավելի քան 110,000 պատանի ավարտել է Թումոն՝ իր հետ տանելով հմտություններ եւ ինքնավստահություն, որոնք թույլ են տալիս կերտել երկրի ապագան։ Այս պահին Թումո կենտրոններ և տուփեր են գործում Հայաստանի ութ մարզերում, և սա միայն սկիզբն է։
Թումոն էապես կյանքեր է փոխում։ Եւ այդ ազդեցությունն ապացուցված է ու կրկնելի։
Այս ամենը հնարավոր է միմիայն Ձեր պես աջակիցների նվիրվածության շնորհիվ։
Կա տարածված կարծիք, թե Թումոն հիմնականում ֆինանսավորվում է Սիլվայի և իմ կողմից։ Իրականությունն այլ է։ Թեեւ մենք հավատարիմ ենք մնում մեր հանձնառությանը, Թումոն պատանիների համար անվճար է մնում մեծապես մեր աջակիցների և գործընկերների առատաձեռնության շնորհիվ։ Ձեր նվիրատվությունները լրացուցիչ չեն․ դրանք հիմնարար են։ Առանց դրանց մենք չենք կարող Թումոն հասանելի դարձնել այն պատանիների համար, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։
Մեր տեսլականը հստակ է․ Հայաստանի յուրաքանչյուր պատանի պետք է ունենա 21-րդ դարի հմտություններ ստանալու հնարավորություն, անկախ նրանից, թե որտեղ է ապրում։ Այդ պատճառով էլ 2026 թվականի մեր առաջնահերթությունը Արմավիրն է՝ մի մարզ, որտեղ կրթական ռեսուրսները սակավ են, իսկ կարիքը՝ մեծ։ Թումոն բերել Արմավիր նշանակում է ստեղծել նոր հնարավորություններ 111 գյուղական համայնքներում ապրող հազարավոր պատանիների համար։