ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ անկախ առաջիկա ընտրությունների արդյունքներից, անկախ նույնիսկ իշխանափոխությունից՝ հայ լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«ՀՀ հետ հարաբերություններում շարժիչ ուժը ժողովրդավարության և խաղաղության պաշտպանությունն է, բայց նախ՝ զարգացումը։ Գուցե ռոմանտիկ է հնչում,բայց սա է պատճառը, թե ինչու ենք մենք ներկա Հայաստանում՝ անկախ այս ընտրություններից, բայց ավելի շատ այս ընտրությունների պատճառով, քանի որ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, եթե թույլ է տրվում ավտոկրատ վարչակարգերին՝ վնասել ժողովրդավարությունը: Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինեն ձեր ընտրությունների արդյունքները: Մենք հույս ունենք, որ Հայաստանը կմնա ուժեղ, ժողովրդավարական երկիր և չի գնա ավտոկրատական ուղղությամբ»:
Այս համատեքստում անդրադառնալով ԵՄ օրակարգից հեռացած Վրաստանի օրինակին ու Մոլդովայում ընտրական շրջանում ՌԴ մեծ ազդեցության ֆոնին՝ Մարթա Կոսը նկատել է՝ Ռուսաստանը չի ցանկանում տեսնել ուժեղ հարևաններ, որովհետև «այսպես Պուտինի համար պակաս կառավարելի են դառնում դրանք։ Իհարկե, նաև մեր շահերից է բխում ձեզ ուժեղ տեսնելը»,- ասում է Կոսը։
Հայաստանը դեռ պաշտոնապես չի դիմել Եվրոպական Միությանը անդամակցության համար: Գործընթացը սկսելու համար Հայաստանը պետք է դիմի թեկնածուի կարգավիճակի համար, ինչը դեռ չի արվել, և, իհարկե, անդամ պետությունները պետք է կանաչ լույս տան:
«Ամեն դեպքում Հայաստանն իմ պորտֆելի շատ կարևոր մասն է, և ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ: Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Սևծովյան ռազմավարության օրակարգում: Մենք նոր դինամիկա ունենք Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Դրանք ավելի են ամրապնդվում, և ինձ համար նաև շատ կարևոր է ավելի լավ ճանաչել ձեր երկիրը, անգամ հաց թխելը: Հայաստանում ես հանդիպեցի քաղհասարակությանը, այցելել եմ ձեր հիանալի «Թումո» կենտրոն, եղել ենք Ծաղկունք գյուղում, տեսա լավաշ թխելը և ձեր պարերը։ Սա նույնպես շատ կարևոր մաս է»,- ասել է Կասը:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ կան շատ կարևոր համատեղ ծրագրեր, օրինակ՝ վիզաների ազատականացումը: ՀՀ կառավարությանը տրվել է գործողությունների ծրագիրը։
«Սա չի նշանակում պարզապես թույլ տալ ճանապարհորդել առանց վիզայի, այլ պետք է վստահ լինենք, որ Հայաստանը կհետևի, օրինակ, փաստաթղթերի և տվյալների փոխանակմանը, կվերահսկի, թե ով է գալիս ձեր երկիր: Բայց դա շատ դժվար է, ուստի առաջարկել ենք որոշակի տեխնիկական օգնություն, և մեր հատկացրած գումարի զգալի մասը կուղղվի վիզաների ազատականացմանը: Այնպես որ, սա հստակ ազդանշան է մեր կողմից, որ մենք ցանկանում ենք, որ ձեր քաղաքացիները ազատ մուտք ունենան Եվրոպական Միություն, բայց շատ բան պետք է արվի»,- շեշտել է Կասը: