Ոչ մեկ գիշերում, բայց զարգացումը տանում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերմանը․ ԵՄ հանձնակատարը՝ «Ռադիոլուրի» հարցին

Ոչ մեկ գիշերում, բայց զարգացումները տանում են դրան՝ Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, շեշտել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանի զորքերն այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում են, և պաշտոնական Երևանը կարծում է, որ սահմանազատումը կարող է խնդիրը լուծել։

«Ես լավատես եմ։ Եվ, ընդհանուր առմամբ, երկու երկրներն էլ… Գիտեք, խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, խոսքը նաև ձեր երկրի մասին է, որը նպաստել է այս խաղաղության հնարավորությանը: Ես կարծում եմ, որ այս մթնոլորտը հիմա նպաստավոր է բոլոր վեճերի քննարկման, նաև հաշտեցման առումով։ Սա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում, բայց ես հավատում եմ դրան, քանի որ  տեսնում ենք, որ զարգացումները գնում են ճիշտ ուղղությամբ, և դեռ շատ բան պետք է արվի»: 

Երբ է հնարավոր հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ու արդյո՞ք ԵՄ-ում վստահ են, որ Բաքուն հետքայլ չի անի․ Կոսը բուն փաստաթղթի ստորագրումից  կարևոր է համարում խաղաղության մթնոլորտի հաստատումը, այլապես «միայն ստորագրմամբ կարող էր խաղաղությունը մնալ թղթի վրա»։

Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանության մասին լրագրողների հարցերին  Կոսն արձագանքեց, որ, այնուամենայնիվ, երկու երկրներից էլ  դրական ազդակներ է ստացել, և որ Ադրբեջանը ևս լրջորեն է վերաբերվում խաղաղությանը։ Ներկայում կատարվողը դրական ընթացք է՝ քաղհասարակության  փոխայցեր, առաջին թռիչքները Բաքվի և Երևանի միջև:  

«Հավատում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նաև Թուրքիայի դերակատարման պատճառով: Օրերս հանդիպելու եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ,  մենք լավ կապի մեջ ենք։ Այս աշխարհաքաղաքականությանը դրսից հետևելով` իհարկե, գուցե կարող եք կասկածամիտ լինել՝ արդյո՞ք մտադրություններն իրական են: Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է նաև Միացյալ Նահանգները: Սա ավելին է, քան` պարզապես խաղաղությունը, սա տարածաշրջանային խաղաղության մասին է։  Այո, մեզ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պետք է անենք ամեն ինչ, դրա համար և դրա վրա էլ աշխատում ենք»,- ընդգծել է Մարթա Կոսը: 

Leave a Comment