Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին երկուսուկես ամսով կալանավորվել է՝ իշխանությունը բռնի զավթելու փորձի մեղադրանքով։ Երկրի ամենահին ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հետ մեկտեղ ձերբակալվել են նաև մի քանի այլ ընդդիմադիր գործիչներ։ Ալի Քերիմլիին սպառնում է 12 տարվա բանտարկությունից մինչև ցմահ ազատազրկում։
Քարիմլին ձերբակալվել է շաբաթ օրը, իսկ երկուշաբթի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել է երկու ամիս և 13 օր կալանքը։
Տեղական իշխանամետ լրատվամիջոցները հաղորդում են, որ խուզարկության ժամանակ Պետական անվտանգության ծառայությունը հայտնաբերել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի նամակները, որին նույնպես պաշտոնական լրատվամիջոցները մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ։
87-ամյա Ռամիզ Մեհդիևի մեղադրյալի կարգավիճակը, սակայն, պաշտոնապես դեռեւս չի հաստատվել։
Քերիմլին մինչեւ ձերբակալությունը հրապարակավ հերքել է իր կուսակցության կապը Մեհդիևի հետ։
Քերիմլիի ձերբակալությունը, ապա եւ կալանքը բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում։ Դատելով մեկնաբանություններից՝ քչերն են կարծում, որ ընդդիմության առաջնորդը և տարեց պաշտոնյան միասին հեղաշրջում էին ծրագրավորել և դեռ դրա մասին հավաստող իրենց նամակներն էլ պահել էին։
Քերիմլին «Ժողովրդական ճակատը» ղեկավարում է 2000 թվականից՝ նախորդ առաջնորդի՝ Աբուլֆազ Էլչիբեյի մահից հետո։ Էլչիբեյը երկրի նախագահն էր հայր Ալիևից առաջ։
20 տարի շարունակ պետությունը Քերիմլիին թույլ չէր տալիս դուրս գալ երկրից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս 2015 թվականին որոշել էր, որ այս կերպ խախտվել է նրա տեղաշարժի ազատության իրավունքը։