«Միայն այսքան զոհ» ձևակերպումն անընդունելի և վիրավորական է զոհվածների ընտանիքների համար

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության պաշտոնական քննադատական դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ 

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը խիստ քննադատում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, ըստ որի 2020-ի պատերազմի «զոհերի պաշտոնական թիվը միայն 3833 է»։ Այս ձևակերպումը՝ «միայն այսքան զոհ», անընդունելի և վիրավորական է զոհվածների ընտանիքների համար։ Ժողովրդին ներկայացվում է նվազեցված պատկեր, որն ինքնին քաղաքական մանիպուլյացիա է։ Նման ձևակերպումը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև խորապես անհարգալից է զոհվածների հիշատակի, նրանց ընտանիքների և ողջ հասարակության նկատմամբ։ 

  1. Պաշտոնատար անձի կողմից զոհերի թիվը նվազեցնելու կամ թեթևացնելու փորձը կոպտորեն խաթարում է պետական պատասխանատվության զգացումը։ Առավել սարսափելի է այն, որ երկրի բարձրագույն պաշտոնյան իրեն թույլ է տալիս խոսել զոհերի մասին «մեղմացված» բառապաշարով՝ կարծես մարդկային կյանքը վիճակագրական շարք է, ոչ թե ազգային ցավ։ Նման հայտարարությունը վիրավորանք է յուրաքանչյուր ընտանիքի համար, որը կորցրել է որդի կամ հարազատ։ 
  2. Ինչու մինչ օրս չկա զոհերի ու վիրավորների միասնական տվյալների բազա։ Մեր կուսակցության դիրքորոշմամբ՝ դա միտումնավոր է արվում։ Տվյալների բաշխումը ՊՆ -ի, ԱԱԾ -ի, ՆԳՆ- ֊ի, Կարմիր խաչի, ՔԿ–ի և այլ կառույցների միջև արվել է ոչ թե արդյունավետության, այլ պատասխանատվությունից խուսափելու համար։ Այսօր տարբեր կառույցների տվյալները արմատապես տարբերվում են, և այդ տարբերությունները շարունակաբար չեն ճշտվում։ Սա արվում է հետևյալ նպատակներով

Ստեղծել մշուշային, անորոշ վիճակ, որպեսզի քաղաքացին չիմանա իրական զոհերի թիվը։ 

Խուսափել պետական և քաղաքական պատասխանատվությունից, քանի որ ստույգ թիվը կնշանակեր նաև ստույգ սխալների ընդունում։ 

Կրճատել հանրային ճնշումը իշխանության վրա։ Որքան քիչ տեղեկատվություն կա, այնքան հեշտ է վերահսկել հասարակական կարծիքը։ Այս իրավիճակում ոչ մի կառույց չի կրում ամբողջական պատասխանատվություն, և դա ստեղծում է համակարգված անպատժելիություն։ 

  1. Տեղեկատվության անկեղծ բացթողումները վտանգավոր են ազգային անվտանգությանը։ Եթե զոհվածների և անհետ կորածների մասին չկա միասնական, ճշգրիտ, թվայնացված կենտրոն, դա նշանակում է՝ պետությունը չի վերահսկում իր կորուստները, գոյություն չունի ճիշտ պատմական հաշվառում, հնարավոր է լուրջ խեղաթյուրում պետական մակարդակով։ Այսպիսի մոտեցումը ընդունելի չէ ոչ մի քաղաքակիրթ պետության համար։ 
  2. «ՔՈՉԱՐԻ — Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը պահանջում է՝ ստեղծել պետական, անկախ, թվայնացված միասնական տվյալների կենտրոն զոհերի, վիրավորների և անհայտ կորածների ամբողջական հաշվառմամբ։ Համակարգել բոլոր տարբեր մարմինների տվյալները մեկ հարթակում և ապահովել դրանց հրապարակայնությունը։ Դադարեցնել զոհերի թվի հետ խաղալու և «մեղմացնելու» ցանկացած փորձ։ Պաշտոնատար անձանց պատասխանատվություն՝ եթե նրանք տարածում են ոչ ճշգրիտ կամ չհաստատված տվյալներ նման խիստ զգայուն թեմայի շուրջ։ 
  3. Եզրափակում 

Ազգի կորուստների վերաբերյալ նման հայտարարությունները թուլացնում են պետությունը, քանդում են վստահությունը և խորացնում են ցավը։ Ազգի վերածնունդը սկսվում է ճշմարտությունից, ոչ թե թվերի մանիպուլյացիայից։

Leave a Comment