Հերձվածողության դասական օրինակ․ Արշակ Սրբազան – Live News

Արդյո՞ք մեր եկեղեցականների նկատմամբ, որոնք հայտարարություն են տարածել, շանտաժ կիրառվել է. անկեղծ ասած, չգիտեմ, բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանը, որտեղ նրանք պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից և առժամանակ կասեցնել նրա գործունեությունը։

«Դավաճանությունը մեր խոստովանությունների մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք, որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ բոլոր մեղքերի ամբողջությունը։ Դավաճանությունը ուխտադրժություն է։

Ես երեք ասպեկտ եմ տեսնում. մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց, դավաճանել են այն ամենին, ինչը որ պատկանում է իրենց անցյալին, այն ամենին, ինչին իրենք հավատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է, ժխտել սեփական կենսագրությունը, ժխտել սեփական պատկանելությունը։ Իսկ կանոնական լեզվով ասած՝ դա նաև հերձված է, հերձվածողության դասական օրինակ։

Leave a Comment