
Նոյեմբերի 28-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ-վավերագրող Հրայր Բազե Խաչերյանի և գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ Լիլիթ Խաչատրյանի «Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» համահեղինակած գրքի շնորհանդեսը, հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը բացման իր խոսքում ՀՀ դեսպան Ա․ Հարությունյանը կարևոր նշանակություն տվեց Հ․ Խաչերյանի և Լ. Խաչատրյանի համատեղ աշխատանքին, ինչն ուղղված է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, փաստագրմանը և պահպանմանը։
Հեղինակներն անդրադարձան պատկերագրքի ստեղծման աշխատանքներին, նորարարություններին, հայկական ճարտարապետության գոհար Աղթամարի վանական համալիրի, մասնավորապես՝ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման պատմությանը՝ ներկայացնելով վնասված կառույցների, բարձրաքանդակների ու մյուս հատվածների վերականգնված տարբերակը գծապատկերների միջոցով, ինչպես նաև ճարտարապետական, մանրանկարչական ու կրոնական առնչությունների թեմատիկ համադրումները։
Ի գիտություն. Պատկերագիրքն ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի 27 տարիների ընթացքում Աղթամարի վանական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։ Խմբի կազմում շուրջ 10 արշավներին միացել է նաեւ Լիլիթ Խաչատրյանը։
Լուսանկարը՝ ՀՀ դեսպանության և Հրայր Բազե Խաչերյանի։