Մենք չունենք նախորդ տարվա վերահսկողությունն ու ինտենսիվությունը․ Հանսի Ֆլիկ

«Բարսելոնա» — «Ալավես» հանդիպման ավարտից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը DAZN-ի եթերում ամփոփել է խաղը և պատասխանել լրագրողների հարցերին։

Ռաֆինյայի և Պեդրիի վերադարձի մասին «Շատ ուրախ եմ նրանց վերադարձի կապակցությամբ։ Ռաֆան պատրաստ էր խաղալ միայն 60 րոպե, իսկ Պեդրին՝ մոտ 30։ Գոհ եմ այսօրվա խաղից և մեր կողմից իրավիճակի կառավարումից, թեև դեռ որոշակի սխալներ թույլ ենք տալիս։ Ամենակարևորը վաստակած երեք միավորն էր»։

Արդյոք Պեդրին կլինի՞ մեկնարկային կազմում երեքշաբթի «Կտեսնենք, երկու խաղերի միջև վերականգնվելու համար շատ ժամանակ չկա։ Խաղի վերջում խոսեցի նրա հետ, ասաց, որ իրեն լավ է զգում։ Նույնը վերաբերում է Ռաֆինյային. նա մեզ մեծ ինտենսիվություն է հաղորդում։ Շատ ուրախ եմ նաև Օլմոյի համար՝ մեկ շաբաթվա ընթացքում երկու գոլ խփելն ամենևին էլ հեշտ չէր»։

Մարզչական շտաբի անդամների հեռացման մասին «Դեռ ժամանակ չեմ ունեցել զրուցելու Մարկուսի և Դե լա Ֆուենտեի հետ։ Չորրորդ մրցավարին հարցրի՝ ինչ է պատահել, սակայն նա ոչինչ չասաց։ Մենք նույն գործն ենք անում և պետք է կարողանանք իրավիճակը կառավարել միասնաբար։ Ինձ պակասում էր հաղորդակցությունը չորրորդ մրցավարի հետ, կցանկանայի՝ այն ավելի շատ լիներ։ Եթե նա ինձ նախազգուշացներ, որ հանգստացնեմ պահեստայինների նստարանին, ես անպայման դա կանեի»։

Մարկ Բեռնալի մասին «Այսօր նա կարևոր քայլ կատարեց։ 45 րոպե խաղալն առաջին լուրջ առաջընթացն է։ Ես վստահում եմ նրան։ Մեզ պետք են թիմի բոլոր խաղացողները, և ես գոհ եմ դրանից»։

Էրիկ Գարսիայի վնասվածքի մասին «Նա շատ ցավոտ հարված է ստացել, բայց ընդհանուր առմամբ վիճակը լավ է։ Այդպիսի ցավով նա չէր կարող շարունակել խաղը»։

Խերարդ Մարտինի դերակատարման մասին «Մարզչական շտաբում մենք միշտ մտածում ենք՝ ինչպես օգնել խաղացողներին բարելավել իրենց որակները։ Կարծում եմ՝ պաշտպանության կենտրոնում ձախլիկ խաղացող ունենալը գրոհներ կառուցելիս մեզ ավելի շատ տարբերակներ է տալիս։ Խերարդը մեծ պրոֆեսիոնալ է, միշտ քրտնաջան աշխատում է. ես տեսնում եմ նրան մարզասրահում անգամ մարզումներից հետո։ Նա անում է այն, ինչ պահանջվում է, և ես շատ ուրախ եմ նրան թիմում ունենալու համար»։

Նախորդ տարվա համեմատ տարբերությունների մասին «Մենք չունենք նախորդ տարվա վերահսկողությունն ու ինտենսիվությունը։ Չգիտեմ՝ արդյոք 14-րդ տուրում նույնքան միավոր ունեի՞նք, թե՞ ոչ։ Մենք դեռ շատ բան կարող ենք բարելավել։ Այս մրցաշրջանում ավելի շատ վնասվածքներ ունենք։ Անցյալ տարի բոլորը պատրաստ էին խաղալ մեկնարկից, և մենք աստիճանաբար շատ բարելավեցինք խաղը»։

Կասադոյի մասին «Մեզ նա պետք է իր լավագույն մարզավիճակում։ Նա խելացի ֆուտբոլիստ է և շատ է օգնում պաշտպանությունում»։

Ժոան Գարսիայի՝ հավաքական հրավիրվելու հեռանկարի մասին «Այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Հեշտ չէ ինչ-որ մեկին հրավիրել հավաքական։ Վստահ եմ, որ նրա ժամանակը կգա, բայց դա իմ որոշելիքը չէ»։

Leave a Comment