ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Վաղը՝ ժամը 15:00-ին առաջարկում եմ բոլորիդ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց (ք․ Երևան, Այգեձորի փող., 53բ) Վրթանես Սրբազանից պահանջել հրապարակային ներողություն՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությանը հարգանքի արժանացնելու, հայկական սրբությունները պղծության հանձնողին պատվելու և մեր ժողովրդի ցավը անտեսելու համար։ Հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Երիցյանն ավելի վաղ 24News-ի հետ զրույցում անդրադարձել էր Սրբազանի հայտարարությանը․
«Իսկ արցախցիներն ընդունու՞մ են նման հոգևոր առաջնորդին: Ո՞նց կարող ենք մենք առաջնորդ ընդունել այն մարդուն, ով որ Արցախի հանձնման քաղաքական գործընթացի պատասխանատու, Արցախի բոլոր սրբավայրերը Ադրբեջան համարող, Արցախի եկեղեցիների քանդման գործընթացին «թքած ունեմ» վերաբերմունք ցուցաբերող, համայն հայության հոգևոր առաջնորդին ավազանի անունով դիմողի հետ է հանդիպում: Այդ նույն տրամաբանությամբ էլ կարող է Ալիևի հետ հանդիպել և ասել` ես հավատարիմ եմ: Ախր, գործողություններն ավելի քան պարզ վկայում են այն իրականության մասին, ինչը գոյություն ունի: Ես երբեք չեմ կարող առաջնորդ ընդունել այն անձին, որը խոնարհվում է ՀՀ վարչապետի առաջ, այսինքն, այն անձի առաջ, որը իմ հայրենիքը, իմ ծննդավայրը համարում է Ադրբեջան: Ես նման անձին չեմ կարող առաջնորդ և մանավանդ հոգևոր առաջնորդ համարել»,-նշել էր արցախցի փաստաբանը։