63-ամյա ադրբեջանցին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և 50,000 մանաթ (29,000 դոլար) տուգանքի հինգ դատավորի վիրավորելու և զրպարտելու համար։ Այս մասին գրում է OC Media-ն։
Ըստ դատական համակարգի առցանց պորտալում հրապարակված գործի նյութերի՝ Հիքմեթ Շուքուրովը մեղադրվում էր դատավորների հասցեին «դահիճ», «անազնիվ ու անամոթ», ինչպես նաև «հովիվ» արտահայտություններն օգտագործելու համար։ Նա նաև անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել դատավորների կին ազգականների հասցեին՝ նրանց մեղադրելով մարմնավաճառության մեջ։
Շուքուրովը դատավորներին մեղադրել է նաև կաշառակերության մեջ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Շուքուրովը մեկնաբանություններում նշել է հետևյալ դատավորների անունները՝ Վալի Աբդուլլաև, Էլչին Խասմամեդով, Ֆիրդովսի Ալիև, Էլշան Հուսեյնով և Ջեյհուն Մուստաֆաև։
Նոյեմբերի 14-ին Բինագադիի շրջանային դատարանը Շուքուրովին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի․ դատարանը պարտավորեցրել է վճարել 50,000 մանաթ՝ որպես դատավորներին հասցված բարոյական վնասի փոխհատուցում։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ վերջին երեք ամսվա ընթացքում Շուքուրովը երկու անգամ ձերբակալվել է։
Առաջին անգամ նա բերման է ենթարկվել հուլիսին՝ իր զարմիկի՝ Սաբիթ Ալիևի հետ հողային վեճի գործով լսումների ժամանակ։ Դատարանում անկարգություններ հրահրելու համար նա կալանավորվել է ութ օրով։
Հոկտեմբերին նա կրկին կալանավորվել և դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման՝ խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու վարչական մեղադրանքներով։ Նրա հարազատները «Ազատություն» ռադիոկայանին պատմել են, որ հոկտեմբերին նա ձերբակալվել է Ֆեյսբուքում նման մեկնաբանություններ անելուց հետո։
Մարդու իրավունքների պաշտպան Յալչին Իմանովը OC Media-ին ասել է, որ Շուքուրովի վերջին դատավճիռը «անհամաչափ և խիստ էր իր բնույթով»։
«Երբ խոսքի ազատությանը միջամտություն կա, պետք է գնահատվի միջամտության համաչափությունը։ Համաչափությունը գնահատելիս հաշվի են առնվում նաև կիրառված պատժի բնույթը և խստությունը», նշել է նա`հավելելով.
«Ավելին, նրանք, հավանաբար, իրենց կարծիքն են հայտնել այս դատարանի որոշման անօրինականության վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ։ Գոնե պատժամիջոցների խստության առումով, այս միջամտությունը չի համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության չափանիշին։ Հետևաբար, այս դեպքում խոսքի ազատության խախտումը լուրջ է»։
Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի