Airbus-ը A320 ինքնաթիռների «էական թվաքանակի» հետկանչ է նախաձեռնել

Երեւան: Մեդիամաքս: Airbus ընկերությունը հայտարարել է A320 ընտանիքի ինքնաթիռների «էական թվաքանակի» հետկանչի մասին՝ ծրագրային ապահովումը փոխելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Airbus-ի ավիաընկերություններին ուղղված հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրային ապահովումը պետք է թարմացվի մինչև հաջորդ պլանային չվերթը:

 

Ոլորտում Reuters-ի աղբյուրները նշել են, որ դա խափանումներ կառաջացնի համաշխարհային ինքնաթիռային պարկի կեսի աշխատանքում և կվերաբերի մի քանի հազար օդանավերի:

 

Airbus-ում հայտարարել են, որ A320 ընտանիքի ինքնաթիռի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը ցույց է տվել, որ արևի ինտենսիվ ճառագայթումը կարող է վնասել տվյալները, որոնք կենսական կարևորություն ունեն թռիչքի կառավարման համակարգերի գործունեության համար:

 

Reuters-ի տվյալներով, խոսքը JetBlue ընկերության՝ Կանկունից (Մեքսիկա) Նյուարկ (ԱՄՆ) հոկտեմբերի 30-ին իրականացված չվերթի մասին է, երբ բարձրության կտրուկ կորստից հետո մի քանի ուղևորներ վնասվածքներ էին ստացել:

 

Սա Airbus-ի ինքնաթիռների ամենախոշոր զանգվածային հետկանչերից մեկն է ընկերության 55-ամյա պատմության ընթացքում: Այսօր աշխարհում շահագործվում է A320 ընտանիքի մոտ 11 300 ինքնաթիռ, այդ թվում՝ հիմնական A320 մոդելի 6 440 ինքնաթիռ:

Leave a Comment