Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment