Գյուղատնտեսությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ. ո՞ր ուղղություններով կարող են համագործակցել Հայաստանն ու Ղազախստանը

Գյուղատնտեսությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ. ո՞ր ուղղություններով կարող են համագործակցել Հայաստանն ու Ղազախստանը

Ղազախստանի Հանրապետությունը հետխորհրդային տարածքի ամենամեծ առաջընթաց արձանագրած պետությունն է, և Հայաստանը շատ սովորելու բաներ ունի Ղազախստանից։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր  Թաթուլ Մանասերյանը՝ պատասխանելով հարցին, թե տնտեսական ինչ ուղղություններով կարող են համագործակցել Հայաստանն ու Ղազախստանը։

Հիշեցնենք, կառավարությունից հայտնել էին, որ հայ տնտեսվարողների պատվիրակությունը շուտով կմեկնի Ղազախստան՝ տեսնելու, թե տնտեսական ինչ ուղղություններով է հնարավոր փոխգործակցությունը խորացնել։ 

«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և՛ ապրանքներ, և՛ ծառայություններ կան։ Հատկապես գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը կարող է արդյունավետ լինել, որովհետև Ղազախստանը աստիճանաբար անցում է կատարում դեպի արդյունաբերական հիմքերի վրա դրված գյուղատնտեսություն և հնարավորինս զարգացնում է խելացի գյուղեր։ Պարենային անվտանգության խնդիրը նրանց մոտ բավականին հաջող է կարգավորված, այստեղ ևս կարող ենք փորձի փոխանակման առումով համագործակցել»,-նշեց տնտեսագետը։

Շարունակելով թվարկել համագործակցության պոտենցիալ ունեցող ոլորտները՝ Մանասերյանն ասաց, արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերում կարող ենք համագործակցել՝ վերջապես վերակենդանացնելու մեր արդյունաբերությունը՝ ճշգրիտ մեքենաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, որտեղ Հայաստանը ավանդաբար ունեցել է մրցակցային առավելություն և այսօր էլ ունի մարդկային կապիտալի առումով։ 

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտն անպայման պետք է հաշվի առնել՝ կենսատեխնոլոգիաներ, գիտատար ճյուղեր, որտեղ Հայաստանը համեմատաբար առավելություններ ունի, բայց դա կարող է շատ երկար տևել, այնպես որ պետք է մտածել հիմա դրանք իրացնելու մասին»,-ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ղազախստանը բավականին ընդհանրություններ ունեն նաև ֆինանսական ոլորտում։

«Մի կողմից՝ Հայաստանի Կենտրոնական բանկն անկախության տարիներին բավականին լուրջ էվոլյուցիա է ապրել և կարելի է ասել՝ կայացել է որպես պրոֆեսիոնալ կառույց, որը կանխատեսելի է դարձնում դրամի վարքագիծը, իսկ մյուս կողմից՝ Ղազախստանը ձևավորել է միջազգային ֆինանսական կենտրոն, որը միակն է հետխորհրդային տարածքում և ծածկել է այդ ժամային գոտին։ Խոսքը Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի մասին է։ Կարելի է տարիների ընթացքում մտածել մուլտիմոդալ հաղորդակցությունների մասին։ Դա բնականաբար միայն Հայաստանի և Ղազախստանի ջանքերով կամ ռեսուրսներով չի արվի»,- եզրափակեց Մանասերյանը՝ ընդգծելով, որ այդ հաղորդակցությունների ստեղծմանը կարող են մասնակցել նաև հարևան պետությունները։

Նոյեմբերի 21-ին Աստանայում կայացել էին Հայաստանի և Ղազախստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները, որոնց արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Ինչպես հայտարարել է Տոկաևը, Հայաստանի հետ հարաբերությունները հասցվելու են ռազմավարական գործընկերության մակարդակին։

Leave a Comment