Նրա խոսքով՝ օրենքը զրոյից մշակված և իրավական հարաբերությունները կարգավորող իրավական փաստատթուղթ է
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջին 3-3․5 տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և կառավարությունը համատեղ քննարկումների և աշխատանքային գործընթացների շրջանակներում մշակել են Հայաստանի ժողովրդի համար շատ կարևոր, կարելի է ասել պատմական նախագիծ։
Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ներկայացնելով պարտադիր «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։
«Մեր նպատակն է, որ 2029 թվականին արդեն մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ունենա այս համակարգի հասանելիությունը և ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ», – ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ օրենքը զրոյից մշակված և իրավական հարաբերությունները կարգավորող իրավական փաստատթուղթ է, որն անդրադառնում է ինչպես սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, այնպես էլ փոխհատուցման կարգին և բողոքների քննմանը։
Ավանեսյանը հայտնեց, որ նախագծով 2026-ին կապահովագրվեն հետևյալ խմբերի քաղաքացիները ՝ մինչեւ 18, 65+ եւ 18-65 տարեկանները, հաշմանդամության կարգ ունեցողները և 28 կամ ավելի սոցիալական անապահովության բալ ունեցող ընտանիքները և 200․000 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։
«Արդեն 2027-ից կներառվեն մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացող անձինք և այնուհետև արդեն 2028 -ին մնացած խմբերը», – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ խմբերի մեջ կմտնեն գյուղացիական տնտեսություններում զբաղվող անձինք և աշխատող անձանց փոխկապակցված ընտանիքի անդամները։
Նախարարը հայտարարեց, որ ապահովագրությունը կներառի շտապօգնության ծառայություն, հիվանդանոցային բուժօգնություն, իսկ կոնկրետ ցանկը կհաստատվի կառավարության որոշմամբ։
Հանձնաժողովը ընդունեց նախագիծը և այն կներառվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։
ՀՀ-ում պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։