Քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ում ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

Քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ում ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

Ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգ նախագծելու և ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է «Ներդրումների, այդ թվում՝ արտոնությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրում» միջոցառման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբեր ամիսը:

Տվյալ համակարգի ստեղծման գործընթացը ենթադրում է՝ մշակել համապատասխան իրավական դաշտ, որը կսահմանի համակարգի նպատակները, դերակատարներին, նրանց գործառույթները, պատասխանատվության շրջանակը, փոխհարաբերությունները, հավաքագրվող տվյալների շրջանակը և տվյալների հոսքերի կառավարումը, մշակել ներդրումային քաղաքականության իրականացման քայլերի հերթականությունը, սահմանել մշտադիտարկման և գնահատման վերջնական, միջանկյալ և ուղղակի արդյունքները, այդ արդյունքներին հասնելու ցուցանիշները, ցուցանիշների ելակետային և թիրախային արժեքները։

Առաջարկվող համակարգի ստեղծման համար Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ստեղծելու անհրաժեշտ և հավաստի տվյալների բազա։ Այս նպատակով ներդրումների ներգրավման ծրագրով նախատեսվել է նաև ներդրումների ռեեստրի ստեղծումը, որը պետք է դառնա ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգի վերլուծական հիմքը։ Արդյունքում կապահովի աշխատանքների տրամաբանական հաջորդականությունը, համակարգի լիարժեք և արդյունավետ ներդրումը, ինչպես նաև ներդրումային քաղաքականության արդյունքների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տվյալների և վերլուծական հիմքի առկայությունը։

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս մշակում է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Կառավարությանը վերապահել ներդրումների, այդ թվում՝ ներդրումային խթանների մշտադիտարկման և գնահատման համակարգի մեթոդաբանությունը հաստատելու լիազորությունը։

Leave a Comment