«Լինդա, սողում եմ, չեմ կարողանում քայլել։ Ունեմ շատ ուժեղ ցավեր»․ 45 օր դադարից հետո կնոջ՝ Լինդա Էուլջեքչյանի հետ զրույցում ասել է Բաքվում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեքչյանը։
ABC Media-ի հետ զրույցում Լինդան ասաց, որ ամուսինը քայլել, ոտքի վրա կանգնել չի կարողանում։ Վիգենը մինչ գերեվարվելը մեջքի ճողվածք ուներ, բուժվում էր։ Վիճակը սրվել է Բաքվում՝ գերեվարության ընթացքում, ասաց կինը։
«Մեզ համար շատ երկար ժամանակ էր։ Մտահոգված էի, որովհետև վերջին զանգի ժամանակ Վիգենը զրկված էր հացից։ 45 օր հետո, որ խոսեցի, վատ էր զգում իրեն։ Վիգենի գերի ընկնելն ու տանջանքները շատ ազդել են իր առողջության վրա»,- ասաց Լինդա Էուլջեքչյանը։
Նրանք հինգ տարի է՝ սպասում են Վիգենի վերադարձին, իսկ չորս տարի է՝ որդին նշանված սպասում է, թե երբ պետք է հայրը վերադառնա, որ ամուսնանա։
«Երբ հոր հետ խոսել է հեռախոսով, ասել է՝ չի ամուսնանալու, քանի դեռ հայրն իր կողքին չէ։ Որդուս ամուսնությունն իմ և բոլորիս ցանկությունն է։ Ես զրկվեցի Վիգենի ներկայությունից, երեխաներս՝ իրենց հոր»,- լացակումած պատմեց Լինդան։
Բոլորը սպասում են Սուրբծննդյան տոներին, բայց Էուլջեքչյանի ընտանիքն անօգնական վիճակում սպասում է Վիգենի վերադարձին։
«Շատ պարզ ցանկություն ունեմ. ուզում եմ գրկել նրան, համբուրել ու ասել, թե ինչքան եմ սիրում, կարոտում։ Ու որքան Վիգենն է այնտեղ տանջվում, նույնքան մենք ենք այստեղ տանջվում։ Մենք իր կարիքը շատ ունենք։ Արդեն հինգ տարի է՝ առանց նրա ենք Նոր տարին նշում։ Հոգնել եմ, ոչ ոք մեզ չի օգնում։ Որևէ մեկն ինձ հույս չի տալիս, որ Վիգենը դուրս է գալու»,- ասաց նա։
Վիգենի ընտանիքն օգնություն է խնդրում նրա վերադարձն ապահովող կառույցներից։
«Վիգենի վերադարձը մեզ համար տոն կդառնա»,- ասաց Լինդա Էուլջեքչյանը։
Անի Աբաղյան