Լուսագյուղից Հանքավան նոր ճանապարհ կկառուցվի

Լուսագյուղից Հանքավան նոր ճանապարհ կկառուցվի

27 նոյեմբերի 2025 – 16:20 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ է կառուցվելու, ինչը կբացի նոր հնարավորություններ Հանքավանի զարգացման համար։ Այդ մասին նա խոսել է կառավարության նոյեմբերի 27-ի նիստում, հայտնում է 1lurer.am-ը:

«Սա խոշոր և նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետև Հանքավանում, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով ներդրումային հետաքրքրությունները ոնց որ թե շատ մեծ չեն:

Եվ հիմա ստացվում է՝ երբ այս ճանապարհը կառուցվի, Հանքավանն Ապարան համայնքի հետ կմիանա, և միջանցիկ երթևեկություն էլ կունենանք, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի Հանքավանում»,- ասել է նա:

Փաշինյանը նաև շեշտել է, որ երկրի ենթակառուցվածքային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի ներուժի զարգացման վրա։

Leave a Comment