Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման՝ նրանց մոտեցումներն ու դիրքորոշումներն ավելի մանրամասն հասկանալու համար, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Փաշինյանն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան եկեղեցականների տարածած հայտարարությանը՝ կապված Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի հետ։
«Որպես ՀՀ կառավարության ղեկավար վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետև կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում»,- ասել է նա՝ անդրադառնալով «Եպիսկոպոսաց հայտարարությանը»։
Հայտարարությունում նշվում է, որ Գարեգին Բ-ն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի փորձաքննության արդյունքները, որոնք առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի փորձագիտական քննությանը:
«Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, հայտարարությունից բխող մոտեցումներն ավելի մանրամասն հասկանամ», – հայտնեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքն իր դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել է, իսկ մինչ հնարավոր հանդիպումը լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնա։
Եկեղացականների հայտարարության մասին
Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ հայտարարություն են տարածել՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։
«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին Կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ և իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ Եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։
Այսու դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, Եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են Տ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկտրչյանը, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։