39 000 լիտր հրդեհի մարման փրփուրի փոխարեն ՆԳՆ-ն պարեկների համար մոտոցիկլետներ կգնի․ մատակարարը Սերժ Սարգսյանի եղբորորդու հետ համագործակցած ՍՊԸ-ն է․ Ֆիննախը դեմ է

Մինչ հանրապետության տարբեր մարզերում խոշոր հրդեհներ են, Ներքին գործերի նախարարությունն ուշագրավ նախագիծ է շրջանառում։ Գերատեսչությունն առաջարկում է ՆԳՆ բյուջեում վերաբաշխում կատարել և փրկարար ծառայության համար նախատեսված պարագաների դրամական միջոցներն ուղղել պարեկային ծառայության համար փոխադրամիջոցներ ձեռք բերելուն։

Factor.am-ը ՆԳՆ-ի նախագծի ուսումնասիրությունից պարզեց, որ Փրկարարական ծառայության համար նախատեսված 90 մլն 488 հազ դրամն ուղղվել է Պարեկային Ջրային պարեկային ծառայությունների տեխնիկական միջոցների ձեռք բերմանը։ Մասնավորապես, 14 մլն 490 հազ դրամը հատկացվելու է ջրային պարեկային ծառայության համար 105 քմ շարժական ջրային տախտակամածի ձեռքբերման համար։

Այդ նպատակով ՆԳՆ-ն պայմանագիր է կնքել «ՍԵՎ-ԱՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ։ Իսկ ահա 75 մլն 998 հազ դրամով ոստիկանության պարեկային ծառայության համար 10 հատ մոտոցիկլետներ են գնվելու։ Մոտոցիկլետները մատակարարելու է «Վանիթար» ՍՊԸ-ն։

«Վանիթար» ՍՊԸ-ն համոգրծակցել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Factor.am-ը ՀՀ գլխավոր դատախազության ավելի վաղ հրապարակած տեղեկությունների ուսումնասիրությունից պարզեց, որ Նարեկ Սարգսյանից ի թիվս այլ միջոցների պահանջվում է բռնագանձել նաև 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ Խոսքը ամսական 2 մլն 200 հազար դրամի մասին է։ Մեկ տարվա կտրվածքով այս գումարը 26 մլն 400 հազար դրամ է կազմում։

Ինչպես նշեցինք՝ ՆԳՆ-ն այս գնումներն իրականացվում է «Փրկարարական ծառայություններ» ծրագրի համար նախատեսված դրամական միջոցներով։ Մասնավորապես, կրճատվել են հետևյալ ապրանքների գնման ծախսերը՝ 3920 հատ մեդալների և շքանշանների տուփեր, 55 զույգ ձեռնոցներ, 398 հատ հղկող սկավառակներ, 200 հատ փրկարարական և արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր, 39 000 լիտր հրդեհի մարման փրփուր կամ համանման միացություններ, 5 հատ գործիքների հավաքածուներ, 528 հատ ձեռքի գործիքներ, 20 հատ մուրճ, 50 000 մետր երիզներ, 50 հատ հակագազեր և այլն։

Նախարարությունը նախագծում հավաստիացնում է, որ փրկարաների համար նախատեսված պարագաների ձեռքբերման կրճատումը չի խաթարի ծառայության բնականոն ընթացքը, հավելյալ ֆինանսավորման կարիք մինչև տարեվերջ չի առաջանա։

Ուշագրավ է, որ գերատեսչությունների միջև բուռն քննարկում է ծավալվել փրկարարների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը պարեկների մոտոցիկլետներին տրամադրելու վերաբերյալ։ Factor.am-ը նախարարությունների միջև տեղի ունեցած պաշտոնական գրագրության ուսումնասիրությունից պարզեց, որ Ֆինանսների նախարարությունը պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ-ից։

«Նախագծով ավելացվող ծախսային ուղղությունների հետ կապված՝ պարզաբանումների կարիք ունեն Նախարարության ոստիկանության համար մոտոցիկլետների և ջրային պարեկային ծառայության համար շարժական տախտակամածների՝ ներկա փուլում ձեռքբերման անհրաժեշտությունն ու հրատապությունը»,- հայտնել են ֆինանսների նախարարությունից, ինչին ի պատասխան ՆԳՆ-ն պարզաբանել է․

«Պարեկային ծառայության կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով հրատապություն է առաջացել ձեռք բերել մոտոցիկլետներ՝ դեպքերին արագ արձագանքելու նպատակով, ինչպես նաև ջրային պարեկային ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացնել տախտակամածի ձեռքբերում»,-այս պարզաբանումն ընդունվել է։

Factor.am-ը պարզեց, որ, այնուհետ ֆինանսների նախարարությունը առաջարկել է այս նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ, ըստ ֆինանսական գերատեսչության՝ ՆԳՆ տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար նախատեսված գումարի մնացորդը 15.10.2025 թվականի դրությամբ կազմում է 915 մլն 200 հազար դրամ։

«Հետևաբար պարզաբանման կարիք ունի նաև լրացուցիչ միջոցների վերաբաշխումը նշված հոդվածին: Հարկ է նշել, որ նշված միջոցառմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 688 մլն 500 հազար դրամ՝ նախարարության կարիքների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից»։

ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչպես է ծախսել մնացորդային 915 մլն 200 հազար դրամը։ Մասնավորապես, ըստ կառույցի՝ 100 մլն դրամ նախատեսված է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համար 4 մարդատար մեքենա ձեռք բերելու նպատակով։ 522 մլն դրամով հույժ գաղտնի ընթացակարգով գնում է իրականացվել։ 45 մլն 800 հազ դրամ նախատեսված է 2 պիկապ մեքենաների ձեռքբերման համար։

15 մլն դրամ նախատեսված է ևս մեկ՝ այլ գնման համար, որը իրականացվում է գաղտնի ընթացակարգով, և գործընթացը մեկնարկել է։ Մնացորդային գումարը կազմում է 8 մլն 599 հազ դրամ։
Ֆիննախը ևս մեկ խնդիր է արձանագրել ՆԳՆ-ի բյուջեի ներքին վերաբաշխումներում։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ գերատեսչությունները կարող են վերաբաշխում իրականացնել կառույցներին հատկացված գումարի 2 տոկոսի չափվ, ինչը ՆԳՆ-ն արդեն իրականացրել է։ «ՆԳՆ արդեն իսկ գերազանցել է 2.0 տոկոսի շեմը և առաջարկում ենք հետայսու ձեռնպահ մնալ վերաբաշխումների իրականացումից»,- նշել են Ֆինանսների նախարությունից։

ՆԳՆ-ն այս դիտարկումը չի ընդունել՝ հայտնելով․ «Ներքին գործերի նախարարության 2025 թվականի հատկացումների շրջանակում իրականացվող վերաբաշխումների ծավալը հիմնականում պայմանավորված է նախարարությունում ընթացող բարեփոխումների հանգամանքով»։

Այս նախագիծն ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում։ Նիստի մեկնարկին, եթե Ֆինանսների նախարարը որևէ առարկություն չհայտնի, ապա այն ընդունվի առանց քննարկման։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment