Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո» նիստում քննարկվել են «երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության հնարավորությունները և վերահաստատվել է Թուրքիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում»։
Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Դրանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Բաքվի հետ խաղաղության գործընթացի վրա։
